«Սասնա ծռեր» խմբի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր նիստ է անցկացրել առանց խմբի անդամների պաշտպանների մի մասի և սանկցիա կիրառել բացակա փաստաբանների նկատմամբ՝ դիմելով Փաստաբանների պալատ կարգապահական վարույթներ անցկացնելու խնդրանքով։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նիստը բոյկոտած փաստաբաններից, Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Հարություն Բաղդասարյանը։
Ըստ քրեական դատավարության օրենսգրքի՝ առանց փաստաբանների նիստ առհասարկ չէր կարող կայանալ, այն պետք է հետաձգվեր։ 10 փաստաբանները չեն մասնակցել նիստի՝ ի սոլիդարություն իրենց կոլեգաներ Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի, ում դատարան չեն թողել մտնել կարգադրիչները։ Երկու փաստաբանները թույլ չեն տվել, որպեսզի դատարանի շենք մտնելիս իրենց խուզարկեն։
Իմանալով, որ իրենց դեմ սանկցիա է կիրառվել, փաստաբանները դիմում են գրել Արտուշ Գաբրիելյանին՝ ընդգծելով, որ առանց իրենց նիստ չէր կարող անցկացվել։
«Արգելվել է Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի մուտքը նիստերի դահլիճ, որի կապակցությամբ միջնորդություն ենք ներկայացրել։ Ստիպված ենք հիշեցնել, որ Դուք որպես նախագահող դատավոր պարտավոր եք միջոցներ ձեռնարկել, որ բոլոր պաշտպանները մտնեն նիստերի դահլիճ։ Ձեր պարտականությունն է ապահովել օրենքի պահանջները, մեր պաշտպանյալների իրավուքները, այդ թվում՝ իրենց ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանություն իրականացնելու, ողջամիտ ժամկետներում գործը քննելու, և այլ իրավունքների, որպիսիք ինչպես ցույց է տալիս փորձը, Դուք մինչ օրս չեք իրականացրել», ֊ ասված է դիմումում։
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանն ունի նաև փորձ առանց ամբաստանյալների նիստ անցկացնելու։ Բոլոր 18 ամբաստանյալների նկատմամբ նա սանկցիա էր կիրառել և հեռացրել դահլիճից հուլիսի 6-ի նիստին։
«Սասնա ծռերի» պաշտպաններն Արտուշ Գաբիելյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայցրել նաև այն ժամանակ, երբ նրանց պաշտպանյալներին ծեծել էին դատարանի շենքի ներսում։
Ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Արայիկ Խանդոյանին, Սմբատ Բարսեղյանին, Գագիկ Եղիազարյանին և Մխիթար Ավետիսյանին դատարանի նկուղում ծեծելու համար որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։