«Սասնա ծռերի» և «Սեֆիլյան և մյուսներ» գործերով դատավարության մեկնարկից ի վեր դատական կարգադրիչները սկսել են զննել, ըստ էության խուզարկել դատարանն մտնող փաստաբաններին, լրագրողներին, ակտիվիստներին և այլ «կասկածելի» անձանց։ Այդ պրակտիկան տարածվել է նաև այլ գործերով դատավարություններում։ Փաստաբանները բողոքեցին, գործադուլ հայտարարեցին: Ամիսներ շարունակ կիրարվող զննումը բացատրվեց սեպտեմբերի 11-ին Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի կողմից «արգելված իրերի ցանկի» հրապարակմամբ:
184 փաստաբանների գործադուլը սկսվել է այսօր «Կոնգրես» հյուրանոցում հավաք֊քննարկումով, որին ներկա էր նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա մեղադրել է գործադուլ անողներին պաշտպանյալներին առանց պաշտպանության թողնելու մեջ, խորհուրդ է տվել փաստաբաններին հարցը քննարկել Պալատում, որին «իրենց օջախի» պես պետք է վերաբերվեն։ Գործադուլ անող փաստաբանները սեպտեմեբրի 9-ին բոյկոտել են և պալատի նախագահի ընտրությունները, որում Զոհրաբյանը մնացել էր միակ առաջադրված թեկնածուն, և չեն մանսակցում պալատի «Ակումբի նիստերին»։
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշել է, որ եթե Պալատը կատարեր իր հիմնական գործառույթը այն է՝ պաշտպաներ փաստաբանների իրավունքները պետական մարմինների հետ փոխհարաբերություններում, հարցը շուտվանից լուծված կլիներ։ «Պալատի նախագահի թեթև ձեռքով փորձ արվեց հիմնավորելու, որ դա խուզարկություն չի, այլ զննություն է», – ասել է Շուշանյանը։
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը իր ելույթում անօրինական է համարել Հայաստանի դատարանների նախագահների խորհուրդի որոշումը։ «ԴՆԽ-ն իր որոշման մեջ ցանկ է ներառել՝ առարկաների, պետք է գործողություններ ձեռնարկի և դրանք հայտնաբերի։ Դա քրեադատավարական գործողություն է։ Անձին խուզարկողը պետք է լինի քրեական դատավարությամբ սահմանված սուբյեկտներից մեկը՝ մաքսային ծառայողը, հարկային ծառայողը, ոստիկանության աշխատողը։ Կարգադրիչը այդ սուբկեյտներում չկա։ Արման Մկրտումյանը չի կարող մեծացնել հետաքննիչների ցանկը։ Դա արվում է Ազգային ժողովում օրենք ընդունելով և նախագահի կողմից ստորագրելով»:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը հարց է տվել. ընդհանրապես կա՞ր կարիք փաստաբաններին զննելու՝ դատարան մտնելուց առաջ։ «Արդյոք կա՞ր նախադեպ, երբ որևէ փաստաբան դատարան է ներս տարել ինչ-որ արգելված իր, փորձել օժանդակել որևէ իրավախախտման կամ օժանդակել որևէ նախապատրաստվող հանցագործության: Նման դեպք չի եղել», – ասել է նա։