9 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ, ծրագրավորող Հայկ Կյուրեղյանը այսօր դադարացրել է 8 օր տևաց հացադուլը։ Այս մասին Epress.am֊ին հայտնել է Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը։
Նա տեղեկացրել է նաև, որ հացադուլի ընթացքում Կյուրեղյանին այցելած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները նրա առողջական վիճակի մասին գրություն էին ուղարկել Արդարադատության նախարարություն։
«Առողջական վիճակի հետ կապված պրոբլեմները հենց այդ հացադուլի հետ չեն կապված։ Դրանք սրտի և նյարդային համակարգի խնդիրներ են, ալերգիկ երևույթներ, որ Հայկը ձեռք է բերել բանտում։ Հիմնականում վիճակը վատացել է, երբ Հայկը հացադուլ և ջրադուլ էր անում՝ իր անվտանգության համար պահանջելով տեղափոխվել առանձին խուց»,֊ ասել է Արմենակ Կյուրեղյանը։
Դադարեցնելով հացադուլը Հայկ Կյուրեղյանը նաև հայտարարություն է տարածել Անկախության օրվա առթիվ՝ ահազանգելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը «խաղասեղանին է դրել» անգամ երկրի անկախությունը՝ անպատիժ մնալու և երկիրը շարունակ թալանելու համար։
«Սերժ Սարգսյանը երկիրը վերածել է սեփական դուքանի, հասարակաց տան, որտեղ քաղաքական ուժերից մինչև հասարակ քաղաքացին բռնի շահագործվում է, գնվում և վաճառվում: Եվ այս ամենը չունի քաղաքական մոտիվացիա: Միակ մոտիվացիան թալանել և շահույթ ստանալ և պահպանել իշխանությունը ՝ անպատիժ մնալու համար, որի համար խաղասեղանին է դրվում Հայաստանի ամեն ինչը, նույնիսկ արյան և համաժողովրդական զրկանքների միջոցով ձեռք բերված անկախությոնը: Սա է իմ հացադուլի պատճառը, որը մի դիմադրություն է և ահազանգ, որ առանց ինքնիշխան, անկախ, ժողովրդավար, ազգային ամուր պետության դատապարտված ենք կոտորածների, ցեղասպանության, գաղթի, չքավորության և ի վերջո անգոյության:
Այսօր ես դադարեցնում եմ հացադուլը և հորդորում բանտերում և ազատության մեջ գտնվող իմ ընկերներին՝ հետ կանգնել անժամկետ հացադուլով ինձ սատարելու մտադրությունից: Մեր կամքը անկոտրուն է, պայքարը՝ արդար և հաղթանակը արդարներինն է: Նաև կոչ եմ անում բոլոր մտահոգ մարդկանց և ուժերին համախմբվել, ստեղծել դիմադրություն, պաշտպանել հայրենիքի անկախությունը: Վաղը ուշ կլինի»,֊ գրել է Հայկ Կյուրեղյանը։
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Նրան մեղադրել են խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ և ազատազրկել 9 տարով։