Հայաստանում ոսկու ամենամեծ հանքավայրը շահագործող ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը Սոթքի բացահանքում պաշարները սպառելուց հետո մտադիր է անցնել ստորգետնյա հանքի շահագործմանը: Ստորգետնյա հանքի ամբողջ շահագործման ընթացքում տարեկան կարտանետվեն 252.5 տոննա վտանգավոր նյութեր` հանքաքարի փոշի, ածխածնի, ազոտի, մանգանի, երկաթի օքսիդներ, ածխաջրածիններ, ծծմբային անհիդրիդ և այլն: Այս մասին գրում է Ecolur.org-ը՝ նշելով, որ ծրագրի նախնական գնահատման հայտի հանրային լսումները մեկնարկել են այսօր Սոթքի համայնքապետարանում:
Հանքավայրին մոտակա ջրահոսքը Սևանա լիճ թափվող Մասրիկ գետի վտակ Սոթք գետն է: Համաձայն հայտի՝ աղտոտող նյութերի պարունակությունները հանքաջրերում գերազանցում են գետի համար էկոլոգիական նորմերը: Ջրային ռեսուրսների աղտոտման հետևանքով տնտեսությանը հասցված վնասը գնահատվել է 494 մլն դրամ/տարեկան բացահանքի շահագործման արդյունքում, 817.8 մլն դրամ/տարեկան` ստորգետնյա հանքի:
Ուսումնասիրվող տարածքում հանդիպում է ՀՀ Բույսերի Կարմիր գրքում գրանցված «գնարբուկ» բուսատեսակը որպես խոցելի տեսակ: Հայաստանի էնդեմիկներից այստեղ հանդիպում է«զանգակ բայերնին»:
«Սոթքի ոսկու հանքավայրը գտնվում է Սևանա լճի ավազանում, լճից մոտ 30 կմ դեպի արևելք: Մոտակա բնակավայրը` Սոթք համայնքն է: Մինչև 2001 թ-ը հանքաքարի արդյունահանումը իրականացվել է բաց և փակ եղանակով: 2001 թ-ից առ այսօր ստորգետնյա հանքում լեռնային աշխատանքները դադարեցվել են: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը ստորգետնյա հանքի շահագործումը կիրականացնի 18 տարվա ընթացքում:
Հանքավայրում հանքաքարի վերագնահատված պաշարները կազմում են՝ 31141.2 հազար տոննա հանքաքար, 133.5 տոննա ոսկի, 175.6 տոննա արծաթ` 4.29 գ/տ ոսկու և 5.64 գ/տ արծաթի պարունակություններով: Ընկերության հայտի համաձայն՝ հանքաքարի հաստատված պաշարներից բաց եղանակով նախատեսվում է արդյունահանել 14857.091 հազար տոննա հանքաքար՝ ոսկու 3.96 գ/տ պարունակությամբ: Ստորգետնյա եղանակով արդյունահանվելու է ավելի շատ՝ 16284.109 հազար տոննա հանքաքար՝ ոսկու 4.58 գ/տ միջին պարունակությամբ: Տարեկան արտադրողականությունը, ըստ ապրանքային հանքաքարի, 1000.0 հազար տոննա:
Ստորգետնյա հանքի մշակումն իրականացվելու է հորատապայթեցման աշխատանքների կիրառմամբ: Տարեկան կօգտագործվի 298.0 տոննա պայթուցիկ նյութ», -գրում է կայքը: