«Սասնա ծռեր»-ի գործով սեպտեմբերի 28-ի դատական նիստին որոշում է ընդունվել խմբի անդամների մի մասի գործերն ուղարկել այլ դատավորի։
«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների դատավարությունն այսօր Ավան և Նոր-Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կրկին ավարտվել է չսկսված։ Այս անգամ «պատճառը», սակայն, ոչ թե փաստաբաններն են եղել, այլ հենց ինքը՝ Արտուշ Գաբրիելյանը։ Նիստը սկսվելուն պես դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Վերադառնալով դատավորը հայտարարել է, որ 18 ամբաստանյալներից մի մասի գործը բաժանվել է, և հիմնական ամբաստանյալների մասով վարույթը փոխանցվելու է այլ դատավորի։ Գաբրիելյանը, սակայն, չի նշել, թե ով է այդ դատավորը։
Լրագրողների հետ զրույցում խմբի անդամների փաստաբաններից Լուսինե Սահակյանն ասել է, որ, իր կարծիքով՝ այդ գործերը կքննի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը (լուսանկարում)։
«Արտուշ Գաբրիելյանը իրեն մասնակի ազատություն պարգևեց», – կարծում է Սահակյանը՝ նկատի ունենալով իրենց՝ փաստաբանների շապիկների վրայի գրությունը՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին»։ Սահակյանն իր դժգոհությունն է հայտնել որոշման կապակցությամբ՝ պնդելով, որ ի սկզբանե «Սասնա ծռերի» գործը չպետք է 2 մասի բաժանվեր, իսկ հիմա արդեն 3 գործ ունենք։
«Շատ խնդիրներ կարող են առաջանալ․ մասնավորապես, միևնույն անձինք՝ վկաները, պետք է հարցաքննվեն տարբեր վարույթներում, հնարավոր է տարբեր ցուցմունքներ կտան։ Բացի դրանից՝ դատական ակտ կայացնելիս խնդիրներ կարող են առաջանալ։ Օրինակ՝ եթե մի դատավորը կայացնի դատական ակտ, մյուս երկու դատավորներն արդեն կաշկանդված կարող են լինել», – ասել է Սահակյանը։
Հատկանշական է, որ Գաբրիելյանը, իր քննության վարույթում է թողել հիմնականում «թեթև գործերը»։
«Այն անձանց գործերի քննությունն է նրա վարույթում մնացել, որոնք օժանդակել են, այսինքն՝ բուն առանցքային անձինք չեն», – նշել է Սահակյանը։
Ինչու Գաբրիելյանը այդ քայլին գնաց․ ըստ փաստաբան Երվանդ Վարոսյանի՝ ինքնաբացարկ հայտնելուց խուսափելու համար ընտրվել է այս տարբերակը․ «Իսկ այդ որոշում կայացնողը Գաբրիելյանը չէ, այլ վերևի օղակներն են»։
Նրա խոսքով՝ չի բացառվում, որ մյուս՝ 14-ի գործով էլ անջատում կլինի։