«Սասնա Ծռերը» շարունակում են ընդդիմանալ իրենց դեմ քրեական գործը երեք մասի բաժանելուն, իրենցից՝ ամբաստանյալների երեք խմբեր սարքելու և երեք տարբեր դատավորների վարույթների հանձնելու որոշմանը։
Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը ելույթ է ունեցել այսօր դատարանում և հայտարարել, որ, գործը բաժանելով, իշխանությունները նախ և առաջ ցանկանում են մասնատել «Սասնա ծռերին»։ «Մենք կայուն միասնական կառույց ենք, ունենք ներքին հիերարխիա, կառավարման մարմին, որպես ապստամբության ուժ ենք հանդես եկել, իսկ վարչակազմը փորձում է մասնատել և ներկայացնել այս երևույթը որպես հանցագործություն։ Բաժանման հիմնական պատճառը սա է, մնացածը տեխնիկական է», – ասել է Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4֊ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է ընտրել երկու գործերում ներգրավված ամբաստանյալներից 11-ին, շարունակել գործը քննել նրանց մասով։ Մյուս 22 ամբաստանյալներին նա բաժանել է երկու խմբի և հանձնել 2 այլ դատավորների՝ Մեսրոպ Մակյանին և Արթուր Օհանյանին։
Այսօր փաստաբանները միջնորդել են գործերը վերամիավորել։ Մեկ ենթադրյալ հանցագործության գործը, ըստ փաստաբանների, մի վարույթում պետք է քննվի, իսկ բաժանումը խախտում է արդար դատավարության իրավունքը։ Ըստ փասատաբանների՝ երեք դատավորներից ով էլ որ առաջինը դատավճիռ հրապարակի, մյուս երկուսը չեն կարող դրան հակասող դատական ակտ կայացնել։ Բացի այդ, հարցաքննվող վկանները նույնն են և երեք անգամ պետք է ցուցմունք տան՝ հնարավորություն ունենալով լսել միմյանց, ինչը նրանց ցուցմունքները կդարձնի անարժանահավատ։
Դատավոր Մեսրոպ Մակյանը մերժել է երեք գործերը միավորելու միջնորդությունը։ Փաստաբաններն ասել են, որ գործը բաժանելուց հետո դատախազները գոնե պետք է նոր մեղադրական եզրակացություններ կազմեին և տրամադրեին «Սասնա ծռերին», ինչը չեն արել։ Փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Հարություն Բաղդասարյանը միջնորդել են նաև հնարավորություն տալ ամբաստանյալներին ծանոթանալու գործի բոլոր նյութերին, այդ թվում՝ տեսանյութերին։ Հարություն Բաղդասարյանը խնդրել է թույլ տալ համակարգչով մտնել տեսակցության, որպեսզի «Սասնա ծռերը» կարողանան դիտել գործի տեսանյութերը։ Այս հարցին դատավորը չանդրադարձավ։