2015թ-ի հունիսի 16֊ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հրապակած վճիռը «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանի Կառավարությունը մինչ այժմ չի թարգմանել հայերեն։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում ահազանգում է փաստաբան Վահե Գրիգորյանը. «Ես կասկած իսկ չունեմ, որ այս վճռի հայերեն թարգմանությունը չհրապարակելը ունի բացառապես հայաստանյան ներքին լսարանի համար այս հանգամանքը թաքցնելու նպատակ»։
2014 թվականից Արդարադատության նախարարությունը ունի առանձին կայք, որը հրապարակում է Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության նյութերը։ Ի թիվս այլ գործառույթների այս լիազոր ներկայացուցչությունը պարտավոր է ապահովել Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների հայերեն թարգմանությունը և հրապարակումը:
Նշենք, որ վերոնշված գործով հայցվորները՝ էլխան Չիրագովն ու ևս 5 հոգի, Լաչինի շրջանի բնակիչներ են եղել։ Միջպետական դատարանում նրանք վիճարկել են, որ ղարաբաղյան հակամարտության պատճառով 1992 թվականի մայիսի 17-ին ստիպված են եղել լքել իրենց տները, որտեղ իրենց նախնիները ապրել են հարյուրավոր տարիներ, և հեռացել են Բաքու՝ մինչ օրս չկարողանալով վերադառնալ իրենց սեփականությանը։ ՄԻԵԴ֊ը բավարարել է հայցը և վճռել, որ Հայաստանը շարունակաբար խախտել էր հայցվորների Սեփականության պաշտպանության իրավունքը, Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, Խտրական վերաբերմունքից զերծ լինելու իրավունքը։ ՄԻԵԴ֊ը արդարացի հատուցման հարցը չլուծված էր թողել՝ քննարկման հրավիրելով հայաստանյան կողմին։ Օրերս ՄԻԵԴ֊ը նոր փաստաթուղթ է հրապարակել այս գործի վերաբերյալ։ Այն հայտնում է, որ Հայաստանի ներկայացուցիչները հանդիպել են և քննարկումներ ունեցել ՄԻԵԴ քարտուղարության հետ և այժմ պետք է մշակվի «գործողությունների ծրագիր»։
«Աշխարհին այս՝ միջազգային դատարանի վճիռը շուրջ 30 ամիս հասանելի է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի մի շարք համալսարաններ արդեն իսկ փորձագիտական վերլուծությունների են ենթարկել այս և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» (Sargsyan v. Azerbaijan) վճիռները (Օքսֆորդի համալսարանի միջազգային իրավունքի հրատարակությունների կենտրոնն էլ արդեն հասցրել է այս երկու վճիռները հայտարարել որպես 2015թ.-ի միջազգային հանրային իրավունքի ամենանշանավոր ձեռքբերումները): Իսկ հայաստանյան լսարանը դեռ սահմանափակված է ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչի կցկտուր և իրարամերժ հայտարարություններով այս, կրկնում եմ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ամենազգայուն և տեխնիկապես բարդ ասպեկտի մասին ՄԻԵԴ կտրուկ և վերջնական ձևակերպումներով լի վճռի վերաբերյալ։ Սա ասելով, ես նկատի չունեմ, թե խնդիրը չեն հասկանում արդարադատության նախարարությունում կամ ԱԳՆ-ում: Խնդիրը հենց այն է, որ հասկացողներից որևէ մեկն այս մասին չի կարող ծպտուն հանել՝ ներքին լսարանի համար հորինված պրոպագանդիստական ալգորիթմերի արդյունքը չվնասելու համար: Փորձագիտական մակարդակով այս ակտի կիրառողները պետք է ամբողջությամբ ծանոթանան ոչ միայն այս, այլ նաև դրա իրավական վերլուծությունների համար հիմք հանդիսացած այլ՝ կոնֆլիկտային իրավիճակներում ՄԻԵԴ որդեգրած մոտեցումներին: Ես դեռ ավելի խորացված ՄԻԵԴ այս մոտեցումներին կանդրադառնամ: Բայց այս թնջուկին ծանոթանալը, փորձագետների կողմից դրան բավարար ուշադրություն դարձնելը և քննարկումներ սկսելը պետք է սկսել հիմա: Թե չէ այն ջայլամաբարո պրոպագանդիստական գիծը, որ տարբեր փորձաՏգետներ ստանձնել են այս հարցի կապակցությամբ, միայն ներքին լսարանից իրենց կամ իրենց պատվիրատուների ապաշնորհությունը թաքցնելու համար է: Ընդ որում՝ այնքան պրիմիտիվ միջոցներով, ինչպիսին առ այսօր այս ակտերի թարգմանությունն առկախելը և այս կապակցությամբ քննարկումները սառեցնելն է», – գրում է իրավաբան Վահե Գրիգորյանը։