Քաղաքացիական դատարանների դատավորները կախում ունեն բանկերից, և ոչ մի գործ բանկի դեմ վճռով չի ավարտվում։ Այս մասին դատական բարեփոխումների մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ հայտարարել է փաստաբան Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիական գործերի 80 տոկոսը վերաբերում են բանկերին, և հետևաբար դատավորների ոչ կողմնակալությունը հավաստելու համար պետք է պարզել՝ արդյոք դատավորները նշված բանկերում չունեն վարկեր։
«Բանկերը համատարած քաղաքացիներին դատի են տալիս։ Որևէ մեկը ստուգե՞լ է, կարող է դատավորն այն բանկի վարկառու է հանդիսանում, որի գործերը քննում է։ Որևէ մեկը ստուգե՞լ է՝ Վճռաբեկ դատարանի դատավորները որ բանկերում վարկեր ունեն և ինչ պայմաններով են այդ վարկերը ստացել։
Եթե դատավորը պետք է հայտարարագրի իր գույքը, իր հետ փոխկապակցված անձանց գույքը, եկամուտները, ինչո՞ւ չկա մեխանիզմ, թե դատավորը որ բանկում ունի միջոցներ, արդյոք դատավորը բանկի ժամկետանց վարկառու չի և լրիվ է ընկել բանկի թակարդի մեջ։ Ինչու ոչ մի գործ բանկի դեմ վճռով չի լուծվում», ֊ ասել է Ալումյանը։
Նշենք, որ փաստաբանները դժգոհություն են հայտնել նոր ընդունված դատական օրենսգրքից, որով փաստաբաններին դատարանն այսուհետ կարող է նաև տուգանել մինչև 100 հազար դրամի չափով։
«Սա մի միջամտություն է անձի պրոֆեսիոնալ գործունեության նկատմամբ կամ դրա ընթացքում, որը հետապնդում է այլ փաստաբանների նման գործողություններից զերծ պահելու նպատակ», ֊ ասել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատուրյանը։ Այս գործառույթով, ինչպես նաև գումարի մեծ չափով՝ փաստաբաններին տուգանելու մեխանիզմը քրեական պատժի է նման։
«Վենետիկյան հանձնաժողով ուղարկվել էր դատական օրենսգրքի մեկ այլ նախագիծ, սակայն Ազգային ժողովում ընդունվեց մեկ ուրիշը։ Սա խուլիգանություն է»,֊ Հելսինկյան քաղաքացիական ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նա նշել է, որ փաստաբաններին տուգանելու մասին կետը ավելացվել է Վենետիկյան հանձնաժողովից հետո։