Հայաստանում և՛ շտապ օգնության ծառայությունը, և՛ պոլիկլինիկաները բարելավման կարիք ունեն։ Կան մի շարք խնդիրներ, որոնք հարկավոր են լուծել՝ ներդնելով կա՛մ փոփոխելով համապատասխան իրավական կարգավորումներ, կա՛մ համապատասխան պետական մարմիններին առաջարկություններ ներկայացնելով։ Այս մասին ասված է «Շտապ օգնության և պոլիկլինիկական ծառայությունների մոնիտորինգ» զեկույցում, որն իրականացրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից։
Տեղեկություններ ստանալու համար՝ զեկույցի հեղինակները պաշտոնական հարցումներ են ուղղել շտապ բժշկական օգնության ծառայության և պոլիկլինիկայի տնօրեններին, ինչպես նաև հարցազրույցներ անցկացվել նրանց հետ։ Բացի դա, պացիենտների և բուժաշխատողների շրջանում հարցումներ են անցկացվել։
Զեկույցի հեղինակները, մոնիտորինգի արդյունքները հաշվի առնելով, մի շարք առաջարկություններ են ներկայացրել։
1. Շտապ օգնության ծառայության օպերատիվություն
Խնդրի լուծման համար անհրաժեշտ է ավելացնել մեքենաների, բրիգադների և սարքավորումների քանակը, քանի որ այն բավարար չէ, իսկ եղած մեքենաները գտնվում են հիմնականում վատ վիճակում և տեխնիկապես հագեցված չեն, այդ իսկ պատճառով շատ հաճախ ՇՕ մեքենան սահմանված ժամկետից ուշ է հասնում կանչի վայր, բացակայում է համապատասխան դեղը և այլն: Բացի ՇՕ մեքենաների քանակից և որակից՝ կարևոր է նաև անդրադառնալ վերջինիս տեսակներին: Որոշ մարզերում կա անհրաժեշտություն տեղանքի ռելիեֆին համապատասխան մեքենաներ (ամենագնացների) ձեռք բերել:
2. Ծառայությունների մատուցման որակը
Հարցման մասնակիցներից շատերը գոհ չէին բժշկական անձնակազմի սպասարկման որակից և նրանց մասնագիտական պատրաստվածությունից:
Վերոնշյալ խնդրի լուծմանն ուղղված անհրաժեշտ է բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստման և ոլորտում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար կազմակերպել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, մշակել համապատասխան ուղեցույցներ:
3. Շտապ օգնության ծառայությունը կարգավորող օրենսդրության դրույթներ
Ծառայության այս տեսակը կարգավորող ներպետական օրենսդրական կարգավորումները շատ ընդհանրական են ձևակերպված: Հստակ սահմանված չէ, թե ՇՕ բրիգադը քանի բուժաշխատողից պետք է կազմված լինի, կա՞ն արդյոք դեպքեր, երբ պետք է վճարել ՇՕ ծառայության համար, կենտրոնացվա՞ծ են արդյոք զանգերը Երևանում, թե ոչ։
Եթե նույնիսկ նշված հարցերը մասամբ կարգավորված են անհատական իրավական ակտերով, ապա հասարակության գերակշիռ հատվածը տեղյակ չէ նշված կարգավորումներից և իր իրավունքներից: Հետևաբար, ՀՀ ԱՆ-ն պետք է իրականացնի համապատասխան իրավական փոփոխություններ՝ լրացնելով բաց թողնված դրույթները
4. Կանչերի սպասարկում
Չնայած նախկինում կատարված մի շարք բարեփոխումների՝ միևնույն է մինչ այժմ կա զանգերն ըստ հասցեների (մարզերի) հստակ միացնելու խնդիր: Պացիենտը 1-03 զանգելով հաճախ միանում է Երևանի կամ մեկ այլ մարզի ՇՕ կայան: Մարզերում կայաններն ունեն տեղական քաղաքային հեռախոսահամարներ, սակայն բնակիչներից ոչ բոլորն են տեղեկացված այդ մասին: Նշված խնդրի լուծման նպատակով առաջարկում ենք ստեղծել միասնական համակարգ, որը տեխնիկապես թույլ կտաստացվող զանգն անմիջապես ֆիքսել ըստ տարածաշրջանի և ավտոմատ կերպով փոխանցել այն համապատասխան կայանի դիսպետչերին:
5. Պացիենտների իրազեկում
Հաշվի առնելով պացիենտների իրազեկվածության ցածր մակարդակը՝ առաջարկում ենք շտապ բժշկական օգնության ծառայությունները մատուցելիս պացիենտին տրամադրել իրազեկման թերթիկ, որում հստակ կնշվի ծառայությունների անվճար լինելու մասին, քանի որ հարցվողների մի մասը նշել էր, որ վճարել է՝ կարծելով, որ ծառայությունները վճարովի են:
6. Շտապ օգնության ծառայության շրջանակներում տրամադրվող դեղերի անարդյունավետությունը
Այս խնդրի հիմնական պատճառներից մեկն այն է, որ բժշկական կազմակերպությունները, այդ թվում՝ շտապ բժշկական օգնություն իրականացնողները, երբեմն չեն կարողանում ձեռք բերել դեղերի անհրաժեշտ տեսականի և ծավալ դրա համար նախատեսված ֆինանսական ոչ բավարար միջոցների պատճառով: Բացի դա, որակյալ դեղերի ձեռք բերմանը խոչընդոտում է մրցութային սկզբունքով դեղերի գնումները միայն ծախսարդյունավետության տեսանկյունից իրականացնելը: Պետության կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք են բերվում պետական գնումների ընթացակարգով, որի ժամանակ մրցույթում հաղթում է, ի թիվս այլ պահանջների, նվազագույն գին ներկայացրած հայտը, այնինչ առաջնահերթություն պետք է տրվի դեղի որակական հատկանիշներին: Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ դեղերի պետական գնումների ոլորտում:
Պոլիկլինիկաների վերաբերյալ առաջարկություններ
1 . Պոլիկլինիկայի շենքային պայմաններ
Գրեթե բոլոր գործող պոլիկլինիկաները գտնվում են ոչ բարվոք վիճակում: Հարցվածների մեծ մասը նշել է, որ հարկավոր է իրականացնել պոլիկլինիկայի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում: Շենքերը նաև մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ չունեն թեքահարթակներ, վերելակներ և համապատասխան դռներ:
2. Պոլիկլինիկաների սարքավորումներ
Բացի արտաքին հարդարումից, կա նաև անհրաժեշտություն իրականացնել նաև պոլիկլինիկայի վերազինում համապատասխան ժամանակակից սարքավորումներով: Այս խնդիրը նույնպես իր բնույթով ֆինանսական է և ենթակա է ներկայացման վերադաս մարմին:
3. Կադրային հագեցվածությունը պոլիկլինիկաներում
Կարիք կա պոլիկլինիկական ծառայության մասնագետների համալրման, որակավորման բարձրացման և վերապատրաստման: Ինչպես շտապ բժշկական օգնության ծառայություններ մատուցող բուժաշխատողների այնպես էլ՝ պոլիկլինիկայի բուժաշխատողների համար, պետք է իրականացվեն իրազեկվածության մակարդակը բարձրացնող դասընթացներ: Երիտասարդ կադրերով համալրելու նպատակով առաջարկվում է բժշկական պետական համալսարաններում պետպատվերով սովորող ուսանողների ավարտելուց հետո առնվազն 2-3 տարի ժամանակաշրջանով մարզերում պարտադիր աշխատանք սահմանել:
4. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը պոլիկլինիկաներում
Մոնիտորինգի արդյունքում երեւում է, որ պացիենտները վճարում են առաջնային պոլիկլինիկական ծառայությունների դիմաց: Որպես կանոն պոլիկլինիկաներում բժշկական ծառայությունները մատուցվում են անվճար հիմունքներով, սակայն կան ծառայություններ, որոնք վճարովի են կամ դրանց նկատմամբ կիրառվում է համավճարի սկզբունքը: Օրենքը նախատեսում է այդ ծառայությունների ցանկը, սակայն տրված ձևակերպումը շատ ընդհանրական է և հաճախ անհասկանալի է որևէ կոնկրետ ծառայություն պետք է մատուցվի վճարովի, թե անվճար հիմունքով: Հաշվի առնելով վերոգրյալը պետք է իրականացվի օրենսդրական փոփոխություններ՝ հստակեցնել և տարանջատել անվճար և վճարովի ծառայությունների ցանկը:
Հարկավոր է մատուցվող բժշկական ծառայությունների գնացուցակի՝ և՛ վճարովի, և՛ անվճար, տեղադրել պոլիկլինիկաների մուտքի մոտ՝ տեսանելի վայրում, ինչպես նաև պոլիկլինիկաների կայքերում (եթե այդպիսիք առկա են):