Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը երրորդ փորձից կայացավ Երևանում։ Գրքի հայերեն թարգմանության հեղինակ Միքայել Նահապետյանին շնորհանդեսն անցկացնելու համար տարածք էր տրամադրել «Յանքի» փաբը։ Փետրվարի 7-ի երեկոյան այնտեղ մարդաշատ էր, ներկա էին քաղաքացիական ակտվիստներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ և փաստաբաններ։
«Ես սա չեմ թարգմանել Սաակաշվիլի համար, ես սա չեմ թարգմանել, որովհետև Սաակաշվիլիի հանդեպ մեծ անձնական զգացմունքներ ունեմ։ Ես թարգմանել եմ, որովհետև տեսել եմ մի տեքստ, որի պիտանի է մտածելու, քննադատելու համար։ Ես տեսել եմ պետության կառուցման մի պատմություն, որը ներկայացվել է Սաակաշվիլիի տեսանկյունից։ Կա նաև տեսանկյուն, որն ասում է՝ ամեն բան սուտ է։ Ես կարծում եմ՝ դա քննարկելու անհրաժեշտություն կա», ֊ ասել է Միքայել Նահապետյանը։
Հիշեցենք, որ ավելի վաղ Եղիշե Չարենցի տուն֊թանգարանը և «Նոյյան Տապան» գրախանութը, թեև նախապես պայմանավորվել էին տարածք տրամադել գրքի շնորհանդեսն անցկացնելու համար, վերջին պահին հրաժարվել են։ Նահապետյանը այդ խոչընդոտները գնահատել էր որպես բացահայտ գրաքննություն։