2017 թվականի հոկտեմբերին մեծ շուքով նշվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից Ռուսաստանից գնված «ЭП2Д» էլեկտրագնացքի բացումը։ Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ գնացքը պետք է շահագործվեր այս տարվա սկզբին։ Թեստային փորձարկման ժամանակ խնդիրներ են առաջացել, պարզվել է, որ գնացքը չի համապատասխանում Հայաստանի ռելյեֆին, և այն հետ է ուղարկվել Ռուսաստան։ Լրամշակված գնացքը հավանաբար շահագործման է հանձնվելու այս տարվա մարտ ամսին։
Դեռևս անցած տարվա հոկտեմբերի 24-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոն նոր գնացքով փորձնական երթ էին իրականացրել Երևանից դեպի «Մասիս» կայարան: Էլեկտրագնացքը պետք է սպասարկի Երևան-Գյումրի երթուղին:
Պաշտոնական հաղորդագրությունում նշված էր, որ «բարձրակարգ էլեկտրագնացքը Հայաստան էր բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարության հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում»:
«Էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Այն կարող է ունենալ տարբեր երկարություն՝ 2-ից մինչև 12 վագոն: Այսպիսով՝ ЭП2Д-ն կարող է աշխատել տարբեր ուղևորահոսք ունեցող երթուղիներում: Այժմ Հայաստանում փորձարկվում է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին», – իր հերթին, հայտարարել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Մեկ ամսից, սակայն, նոր էլեկտրագնացքի թեստային փորձարկումներից պարզ էր դարձել, որ մի շարք չափանիշներ պետք է համապատասխանության բերվեն հայկական երկաթուղային ենթակառուցվածքի բարձ լեռնային պայմաններին և տեխնիկական առանձնահատկություններին:
«Եկան, այստեղ փորձարկեցին, ասացին, որ Հայաստանի ճանապարհները տարբերվում են Ռուսաստանի հարթ ճանապարհներից․․․ Դե մեզ մոտ պավառոտները շատ են։ Դրա համար ուղարկեցին այնտեղ, համապատասխանեցին մեր ճանապարհներին և հետ ուղարկեցին։ Հիմա Երևանում «Դեպո»-ում ( Երևանի լոկոմոտիվային դեպո -խմբ․) կանգնած է և սպասում է իր ժամին, որ մենք օֆիցիալ կերպով հայտարարենք, ու գնացքը սկսի աշխատել», -այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը։
Նա նշել է, որ նախատեսում են գնացքը շահագործել մարտ ամսից։