ՀՀ կառավարությունն առաջարկում է վերացնել տաքսի ծառայություններում և բջջային հեռախոսների հավելվածների միջոցով աշխատող տաքսիստների միջև «անհավասար մրցակցային պայմանները» ու վերջիններիս ամբողջովին մտցնել հարկային դաշտ։
Այսպես՝ համաձայն առաջարկվող օրինագծի էլեկտրոնային համակարգերով աշխատող տաքսիստները պետք է անհատ ձեռներեցի կարգավիճակ ստանան, և նրանց նկատմամբ պետք է կիրառվի «Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների կազմակերպման իրավական հիմնադրույթները»։ Նրանք ևս, տաքսի ծառայությունների օրինակով, պետք է երթևեկեն «Տաքսի» գրառմամբ (կամ շախմատաձև նշանով) և սակաչափիչով, այլապես կենթարկվեն տուգանքի, համապատասխանաբար, սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով կամ քսանհինգապատիկի չափով: էլեկտրոնային համակարգով աշխատող անհատ տաքսիստները ևս պետք է արտոնագիր ստանան։ Արտոնագրի չափը յուրաքանչյուր մեքենայի համար սահմանվել է տարեկան 10 000 դրամ։
«Ներկայումս հանրապետությունում տաքսի ծառայություններ են մատուցում 190 կազմակերպություններ, որոնցից 52-ը 1-4 ավտոմոբիլով և վճարում են լիցենզիայի համար տարեկան 100000 դրամ պետական տուրք, իսկ 138-ը` 5 և ավելի ավտոմոբիլներով, որոնք վճարում են լիցենզիայի համար տարեկան 200000 դրամ պետական տուրք: Այսինքն անհավասար պայմաններ են ստեղծվում»,֊ ասված է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկած նախագծում։
Տաքսի ծառայություններում աշխատողների դեպքում՝ վարչական իրավախախտումների դիմաց տուգանքը սահմանվելու է ոչ թե կազմակերպության, այլ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար:
Բջջային հավելվածներով ուղևորափոխադրումներ կատարող տաքսիստներից մեկը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ նման օրենք ընդունելու դեպքում, իրենք ուղղակի անիմաստ կհամարեն այդ աշխատանքով զբաղվել։
«Մենք 11-12 տոկոս վճարում ենք այդ էլեկտրոնային ծառայությանը, լինի Yandex, թե GG, 30-40 տոկոս կազմում է գազի ծախսը։ Եթե հիմա էլ ավելացված արժեքի հարկ վճարենք՝ 16.6 տոկոս, էլ ի՞նչ օգուտ պետք է ունենանք»,֊ ասել է նա։
Մեր զրուցակիցը անիմաստ է համարում օրինագծի մեկ այլ դրույթ ևս, որով 2022 թվականից սկսած 6 տարեկանից բարձր տրանսպորտային միջոցների շահագործումը տաքսամոտորային փոխադրումներում արգելվելու է։
«Անվտանգության պարագայում ավտոմեքենայի հնությունն առաջնային հարցը չէ, քանի որ կա տեխզզնում հասկացությունը։ Տեխզննումն ուղղակի բացակայում է մեր երկրում, թող այն իսկապես արվի։ Իսկ հիմա 12000 դրամ տարեկան վճարում ենք, էդ ստուգված լինելու թուղթը տալիս են առանց մեքենան անգամ տեսնելու»,֊ ասել է վարորդը։