Գյուղ հասնելիս փորձառու լրագրողները զգուշացրին, որ մոլոկանները տեսախցիկներ չեն սիրում։ Դպրոցում, որտեղ մեզ սպասում էին, այդ մասին, սակայն, մոռացան։ Ռադիոյից գործընկերը, սմարթֆոնն ուղղելով դասասենյանկից դուրս վազող երեխաներին, ասում էր․ «Միևնույն է՝ ծամերն ու բանտիկներն ավելի շատ ռուս երեխաներին են սազում»։
Տնօրենն ինչ֊որ բան ասաց Ռուսաստանի դեսպանության օգնության մասին ու մեզ թողեց ուսմասվարի հետ, որը սկսեց բացատրել ինչն ինչոց է․
– Նախկինում լրիվ վայրի էին՝ ոչ հեռախոս, ոչ հեռուստացույց։ Մեղք են էդ էրեխեքը․․․
– Կարծում եք՝ հայաստանյան հեռուստաեթերից ինչ-որ կարևոր բա՞ն են բաց թողել։
– Պատկերացնո՞ւմ եք՝ Նոր տարուն ռուսաստանյան դեսպանութունը աշակերտների համար նվերներ էր ուղարկել՝ քաղցրեղենով լի բավականին թանկարժեք պարկեր։ Ավագ դասարանցիները միանգամից հրաժարվեցին, իսկ փոքրերն ամաչում էին, դուրս էին գալիս դպրոցից ու նվերները գցում աղբարկղը։ Հասկանո՞ւմ եք։ Երեխաները հրաժարվում էին կոնֆետներից․․․
– Այ թե իմոնք էլ մեկ֊մեկ հրաժարվեին քաղցրից։
– Նրանք հրաժարվում են դեսպանության նվերներից։
– Ո՞վ կմտածեր, որ մոլոկանները Հայաստանում ռուսաստանյան քաղաքականության ամենահետևողական քննադատողներն են։
Իմ մեկնաբանություններին ուսմասվարը չէր արձագանքում։ Մեզ տարան 7-8 սևահեր երեխաներից կազմված դասարան։
– Սա հայկական դասարան է։
– Տեղի ազգային փոքրամասնությունները:
– Նրանք ավելի վայրի են․ մի գյուղից, որը մնացել է անտառի աղվեսաբուծարանի փակվելուց հետո։ Նրանց հատուկ ավտոբուսով են բերում։
Մեդիա-տուրի երկրորդ օրն էր, չգիտեի՝ ինչի մասին գրել։ Տեսաձայնագրիչներով շրջափակված ուսմասվարից հեռացա։ Պատերին Ռուսաստանի դրոշն էր, ռուս հրամանատարների նկարները և տեղի մարդկանց նախնիներին այստեղ աքսորած ու այսօր տոներին քաղցրեղեն ուղարկող պետության այլ սիմվոլներ․․․ Ինչ-որ պահի ինձ թվաց, որ գրելու թեմա որսացի։
Դպրոցի դիմաց՝ հսկայական կիսաքանդ շինություն։ Պահակը բացատրեց, որ Մշակույթի տունը տուժել էր 88-ի երկրաշարժից։ Իջա դեպի ճանապարհը․ այնտեղ Վալերան էր նստած։ Նա ինձ խանութը ցույց տվեց ու ասաց, որ Մշակույթի տունը թալանվել է․ «Ամեն ինչ տարել են, երկրաշարժը կապ չունի»։ Մեր կողքով անցավ Վալերայի ընկերը, որը նրան կանչեց՝ ցույց տալով օղու շշով փաթեթը։ Ես խնդրեցի միանալ, գազավորված քաղցր ընպելիք վերցրի։
– Ընկերս է։ Նրա անունն էլ է Յուրա։
– Իսկ քո անունը ինչո՞ւ է Յուրա։
– Չգիտեմ։ Ծնողներս Ադրբեջանից են։ Այնտեղի հայերը հաճախ էին իրենց երեխաներին ռուսական տարածված անուններ տալիս։
– Դու սրանց հետ ե՞ս եկել։
– Այո, լրագրող եմ։ Դպրոցում էինք․․․
– Ամեն ինչ նախապատրաստել էին ձեր այցի համար։ Չեն պատմել, չէ՞, ոնց էին ծեծում։ Հիշո՞ւմ ես, Վալերա։ Բռունցքով գլխին։ Իսկ հիմա՞։ Հինգ երեխա ունեմ։ Գրքով են նրանց գլխներին տալիս։ Վալեր, հիշո՞ւմ ես՝ մեզ ոնց էին ծեծում դպրոցում։ Այստեղ վերջացնենք, կգնանք իմ տուն սուրճ խմելու։ Սուրճ սիրում ես, չէ՞։
– Էդքան էլ չէ։
– Հայ չես ոնց որ։ Ռուսերեն էլ այդքան լավ ես խոսում։
– Կարծես՝ հայ եմ։ Եթե ծնողներիս հավատանք։
– Կպատմես՝ ինչքան վատ են ստեղ ապրում։ Ես դեռ աշխատանք ունեմ, բա մնացածը․․․
– Հյուսիսում է աշխատում։ Տրակտորիստ է, էքսկավատորշիկ։
– Իսկ ծերերն ու միայնակները անելանելի վիճակում են։ Երդվում եմ՝ նույնիսկ հացի փող չունեն։
– Կարտոֆիլն այս տարի, փառք Աստծուն, շատ է։ Անցած տարի չկար՝ գիլասի չափ էր։
– Դու ձերոնց ասա, որ իրականությունը ցույց տան։ Պետք չի դպրոց գնալ․ նրանք ձեզ ոչինչ ցույց չեն տա։
Ես գնացի խանութ ու մերոնց ասելու, որ առանց ինձ չսպասեն։ Յուրան մենակ էր։ Վալերան գնացել էր սալոր բերելու։
– Դու թաթար ե՞ս։ Ես անմիջապես նկատեցի՝ հայի նման չես․ նրանք այսպիսին չեն։
– Ինձ ավելի հաճախ իրանացու տեղ են դնում։
– Չէ, ծնողներդ, հավանաբար, թաթար են։
– Ամեն ինչ հնարավոր է։
– Հայերն էլ վատը չեն․․․ ուղղակի մեկ֊մեկ սկսում են՝ ես հայ եմ․․․մենք հայ ենք, էս ենք, էն ենք․․․
Ավելի ուշ, երբ արդեն գնում էի Վանաձոր (նախկին Կիրովական), մտածեցի, որ նա ադրբեջանցիներին էր թաթար անվանում, որոնք մինչ արտաքսվելն այստեղ էին ապրում։ Իսկ «հյուսիս» Վալերան Ռուսաստանն էր անվանում, ուր Յուրան, Հայաստանի հարյուր հազարավոր բնակիչների պես, գնում է փող աշխատելու։
Մինչ հեռանալս Յուրան, այնուամենայիվ, պնդեց, որ սրճենք, ճանապարհի համար մի գլուխ պանիր տվեց, բադրջանի պահածո՝ «դու նման բան չես կերել, խարույկի վրա է պատրաստված», ու գնաց նկուղ՝ մուրաբա բերելու, երբ հեռացա։
Մեր խմբին միացա Վանաձորում։ Նրանց փոխանցեցի Վալերայի ու Յուրայի՝ իրականությունը ցույց տալու մասին խնդրանքը։ Գործընկերներս զարմացան, որ խմել էինք․ «Նրանք աղանդավորներ են, նրանց չի կարելի»։
Յուրի Մ․