հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Մարինա Խաչատրյանին բռնության ենթարկողն ընտրությունների ժամանակ կեղծ դիտորդություն էր անում

Մարինա Խաչատրյանին բռնության ենթարկողն ընտրությունների ժամանակ կեղծ դիտորդություն էր անում

Երևանի ավագանու նիստին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին բռնության ենթարկած Էդմոնդ Կիրակոսյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդ էր «Ապագայի մանդատ» հասարակական կազմակերպությունից, սակայն ՀՀԿ֊ից էր ներկայանում։

Փետրվարի 13-ին կայացած Երևանի ավագանու նիստին Էդմոնդ Կիրակոսյանն առավել ակտիվ էր Մարինա Խաչատրյանին ծեծելու և նրա նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու գործում։ Նիստից հրապարակված տեսանյութերում երևում է, որ կնոջ նկատմամբ հարձակման ընթացքում Կիրակոսյանը ձեռքը պահում է Խաչատրյանի կրծքին, ապա երբ վերջինս փորձում է հետ քաշվել և հարվածել Կիրակոսյանին, ապտակում է կնոջը։ Նիստից հետո Մարինա Խաչատրյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Կիրակոսյանն իր նկատմամբ սեռական ոտնձգություն է իրականացրել։

Ուշագրավ է, որ ՀՀԿ֊ական Էդմոնդ Կիրակոսյանը նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես դիտորդ։

Ընտրությունների շրջանի Epress.am-ի արխիվային տեսանյութերից մեկում լսվում է, թե ինչպես է ընտրատեղամասում մեկ այլ դիտորդ Կիրակոսյանից հարցնում, թե ինչ է վերջինս անում տեղամասում։ Կիրակոսյանը պնդում է, որ դիտորդ է և գրպանից հանում է վկայականը, որի վրա նշված է, թե ինքը «Ապագայի մանդատ» ՀԿ֊ից է դիտորդական առաքելություն իրականացնում։ Մինչդեռ նույն պահին իր հետ զրուցողի հարցին Կիրակոսյանը պատասխանում է, թե ինքը Հանրապետական կուսակցության դիտորդ է։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո թե անկախ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները, թե քաղաքական գործիչները ահազանգում էին ֆեյք դիտորդների մասին, որոնց տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով ընտրատեղամասերում ներդրել էր իշխող Հանրապետական կուսակցությունը։ Այդ մասին, մասնավորապես, խոսել է «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Նույն կեղծ դիտորդների մասին 2017-ի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններից հետո խոսել է «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամվոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ՀՀԿ֊ն «ֆեյք դիտորդներ է բուծել ու տեղակայել ընտրատեղամասերում»։

Կիրակոսյանի պատասխանը կեղծ դիտորդների առկայության ևս մեկ ապացույց է, որով ՀՀԿ-ն փաստացի վերահսկում էր ընտրական գործընթացը։

Խորհրդարանական ընտրություններին 144 դիտորդով ներկայացած «Ապագայի մանդատ» ՀԿ֊ի ֆեյսբուքյան էջում նշված է, որ կազմակերպությունը ստեղծվել է 2011 թվականին, իրականացնում է առաջնորդության դասընթացներ։ Օրինակ, իր ծրագերից մեկը ՀԿ֊ն իրականացրել է «Հայաստանում երիտասարդների ներգրավվածության խթանման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Դա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից անցկացվող համատեղ ծրագիր է, որն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Նախարարությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնող այդ ՀԿ֊ի բեյջով էլ «դիտորդություն է» արել Էդմոնդ Կիրակոսյանը, որը, այնուամենայնիվ, չի թաքցրել, որ ներկայացնում է ՀՀԿ-ն, իսկ մեկ ամիս անց Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ֊ի ցուցակում է ընդգրկվել ու դարձել ավագանու անդամ։

Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված Էդմոնդ Կիրակոսյանի կենսագրության մեջ նշված է, որ վերջինս «ԻնտերԼոտո ՍՊԸ» բուքմեյքերական կետերի տնօրենն է:

Մամուլի հրապարակումների համաձայն, «Ինտեր լոտո» ՍՊԸ-ն, որին է պատկանում Հայաստանում ներկայումս վաճառվող բազմատեսակ լոտոների մեծ մասը, առնչվում է ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանի ընտանիքի, մասնավորապես, նրա եղբոր՝ Վահագն Մկրտչյանի հետ։ Վերջինիս անվան հետ է կապվում նաև «Տոտոգեյմինգ» բուքմեյքերական ընկերությունը։ Իշխող համակարգի հետ կապ ունի ոչ միայն Կիրակոսյանը, այլ նաև նրա եղբայրը, որի ֆեյսբուքյան էջի համաձայն, ինքը նույնպես աշխատում է Երևանի քաղաքապետարանում։