ՀՀ Քննչական կոմիտեն Ժիրայր Սեֆիլյանի դատարանում ասված վերջին խոսքի հետ կապված նյութեր է նախապատրաստում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
«Երեկ Քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննիչներից մեկը զանգահարեց ինձ և ասաց, որ այսօր ժամը 11։00֊ին հանդիպենք Ժիրայր Սեֆիլյանի հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, քանի որ նյութեր է նախապատրաստվում Ժիրայր Սեֆիլյանի վերջին խոսքի հետ կապված։ Մեր խոսակցությունը բառացի այսքանն է եղել։ Այսօր պետք է պաշտոնապես հայտարարվեր, թե իշխանություններն ինչ նոր դավադրություն են պատրաստում Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ»,֊ ասել է Հայրապետյանը։
Փաստաբանի խոսքով, սակայն, քննիչը նախապես պայմանավորված ժամին չի ներկայացել։
«Պայմանավորված ժամին ես «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էի, զանգեցի, քննիչն ասաց, որ մոտակայքում է, շուտով կգա։ Ես գնացել եմ, տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին, մեկ ժամ սպասել ենք՝ մինչև 12։15, բայց քննիչը չեկավ։ Հետո քննիչի հետ խոսեցինք, ասաց՝ ինչ֊որ խնդիրներ են առաջացել «Արմավիր» քրեկատաարողական հիմնարկում։ Փաստորեն նյութերի պատրաստման հիմքն այդպես էլ չնշվեց։ Մենք մի քանի անգամ նայել ենք։ Սեֆիլյանի վերջին խոսքում չկա մի այնպիսի բան, որը կարող էր քրեական հետապնդման կամ նյութերի նախապատրաստման հետ կապված հարց առաջանար։ Այս պահին պաշտոնական հայտարարություն չկա և ավելին չեմ կարող ասել»,֊ ասել է Հայրապետյանը։
Փաստաբանը քննիչի վարքագծից կարող է միայն որոշ ենթադրություններ անել․ «Կամ քննչական կոմիտեն փոխել է որոշումը և քննիչը դրա համար է ուշացել կամ քննիչի ասածը ճիշտ է և նա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է եղել»։
Բացի դա, Տիգրան Հայրապետյանը Ժիրայր Սեֆիլյանին փոխանցել է Քննչական կոմիտեի նյութեր նախապատրաստելու որոշումը, ինչին վերջինս պատասխանել է․ «Ցանկանում են մեզ լռեցնել, մեզ լռեցնել հնարավոր չէ, իսկ գործող ռեժիմը Հայաստանը Հյուսիսային Կորեայի վերածելու ռեսուրս չունի, ուստի շատ շուտով հոգին ավանդելու է։ Պարզ է, որ սա հոգեվարքի գործողություններ են»։