Ապրիլի 9-ին՝ 22։00-ի սահմաններում, բերման են ենթարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու անդամների՝ Վարսենիկ Ուզունյանին և Բաբկեն Գրիգորյանին: Epress.am-ի հետ զրույցում Ուզունյանը ներկայացրել է դեպքի մանրամասները։
«Ես ու Բաբկենը Երիտասարդկանի մոտ՝ դեպի Պոլիտեխնիկ տանող հատվածում էինք, և «#ԻմՔայլը» գրառումն էինք անում ասֆալտի վրա։ Մեզ մոտեցան ոստիկաններ, ասացին՝ իրավունք չունեք անել, մենք ասացինք՝ առաջին անգամ Դուք պետք է զգուշացնենք, շնորհակալություն զգուշացման համար, մենք հիմա հեռանում ենք, էլ չենք անի», – պատմել է Ուզունյանը։
Երբ երիտասարդները փորձել են գնալ դեպի մետրո, նրանց կրկին մոտեցել են ոստիկանները և ասել, որ պետք է բաժին տանեն։ ՔՊ-ի անդամները պնդել են, որ առանց ծանուցագրի ոչ մի տեղ չեն գնա, ոստիկաններն ասել են․ «Հիմա կլինի, ծանուցագիրը տուն կուղարկենք»։ Դրանից հետո երիտասարդներին մոտցել են ևս 6 հոգի։
«Իմ երկու թևը ոստիկաններ են մտել և նստեցրել մեքնենա։ Ես «Իմ քայլը»-ի կրծքանշանով էի։ Իրանք՝ թե բա, ջահել աղջիկ ես, Նիկոլի հետ ի՞նչ գործ ունես, մեկ ա Նիկոլի հետ ոչ մի բան չի ստացվելու, Նիկոլին հեսա ճանապարհից տանելու են, ջահել աղջիկ ես՝ տունը, գործի տեղը խնդիր կունենաս, քեզ պետք ա՞։ Հետո հասկացան՝ այդպես չի ստացվում, սկսեցին վախեցնել, թե մի հատ էլ անես՝ կգանք քո գործի տեղը, գործից կզրկվես։ Հետո իմացան՝ ուսանող եմ, ասում են՝ չես կարա վարձդ տաս, կրթություն չես ստանա, քեզ պե՞տք ա, հետագայում մուրացկանություն կանես։ Ես համարյա բան չէի խոսում, այդ ընթացքում իմ փաստաբանի հետ եմ եղել կապի մեջ», – ասել է Ուզունյանը։
Երիտասարդներին ոստիկանության բաժանմունքում պահել են մոտ 1, 5 ժամ, ասել են, որ կեղտոտել են ասֆալտը։ Վարչական գործն ընդունվել է վարույթ։
Ուզունյանը նշել է, որ հետագայում քաղաքացիական հագուստով անձինք ջնջել են իրենց գրառումները։
Նշենք, որ ի համերաշխություն նրանց՝ երեկ ուշ երեկոյան ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ոստիկանության Կենտրոնի բաժնի դիմաց ասֆալտին նույն գրառումն է թողել: