Ոստիկանները ուղղակիորեն չեն երևում (ոչ բոլորն են քայլում սիրահարների այգու մոտով)։ Որոշում կայացնողները, ասում են, քաղաքից դուրս են։ Մեդիան շատախոսում է, բայց չի խոսում, հայտնիացած բլոգերները կազմակերպված մտահոգ են՝ Սիրայում ռմբակոծություն է, ֆեսյբուքը խնդիրներ ունի։ Ցուցարարների մոտ ոչ մի համազգեստավոր՝ նախ հարմարավետության զգացում, թե՞ պատրանք ու դռռացնող լարում։ Զուտ իշխանություն՝ անտեսանելի ու անշոշափելի, բայց ամեն ինչ վերահսկող ու քեզ «չնկատելով» «տեղդ» ցույց տվող, ենթադրվում է՝ դու ինքդ այն կպահես։ «Տեղդ իմանալ» ու «չափդ ճանաչել» կսովորեցնեն ամեն մի մշակույթում. իշխանությունը չես վերացնի, բայց կարո՞ղ ես մաղել-հոսեցնել։ Ներխուժումներն ու արգելափակումները՝ հոսեցման զգույշ փորձեր։
Ինչո՞ւ ավտորիտարիզմը չի ընկալվում խնդիր Հայաստանում։ Մեծ հաշվով պապաները (մամաներն ավելի թաքուն՝ միջնորդված խոհանոց-ննջարաններով) դեռ ուժի մեջ են բոլոր տներում. կարծես հարմար է։ Թափանցիկ ավտորիտարիզմի հմայքը սրանում է՝ իր հարմարավետության մեջ, քանի դեռ պատրանքը պահպանվում է։ Սրանում նույնիսկ մարգինալներն են հարմարված՝ կարելի է ծուլանալ և քաղաքականացնել ծուլությունը, ի վերջո խմիչքին դեռ փողը հերիքում է։ Հարմարավետ ինքնակղզիացում կամ արմատական դիրքերի գաղափարական մաքրության ներգրավված փորձեր՝ փողոցի կոնկրետ գործողությունների գաղափարական կողմերն անտեսված են։ Ազատական-դեմոկրատների հանդեպ անվստահություն, ուրեմն՝ ներգրավված անգործություն և հակագործունեության։ Որպես հետևանք, ինչպես միշտ, կշահեն ավտորիտար պահպանողականները՝ ամենացինիկ-նորազատականները։ Լավ, իսկ մյուս դեմոկրատնե՞րը՝ կուսակցականներ, «քաղաքացիական հասարակություն»-ներ – ասելիքը զուսպ է։ Ամենքն ունի իր ինքնությունն ու կենսակերպը (հանկարծ ամբոխին չնույնանալ) – ամրոցները պինդ են պաշտպանված։ Եվ ինչո՞ւ ոչ. այս-տեղ Հայաստանում ամեն ինչին կա տեղ (սահմանված չափի մեջ). անգամ փոփոխության/գաղափարների խորդանոցներ կան, միայն ոչ (հեղա)փոփոխություններ։ Փոփոխությունը (թե՞ սրա պատրանքը) սահմանից դուրս է. սովորական մարդիկ դաժանության չափ իրատես են. հանրայինը չկա, սեփական ոտքերի վրա է հույսը – բարի ճամփա։
Մերթ-մերթ փողոցում եմ՝ ինքնուրույն զգալու անտեսանելի ճնշումն ու դրա հմայքը: Պատրանքը պահպանվում է, բայց կենտ պահերին հաջողվում է երևակել ճնշումը – ի վերջո ռադիոտան հոսանքն անջատեցին։
Եթե այս անգամ էլ համրեցումն աշխատի… շուտով համրեցման կարիքը չի լինի։ Կրկին գործորդության մղիչի հույսը իշխանավորների վրա կմնա, երբ թափանցիկ ավտորիտարիզմի վարագույրը կխտանա՝ տեսանելի (անհարմար) դառնալու չափ։
Ա.Ժ.
(խորհրդարանի հետ ոչ մի կապ)
լուսանկարը՝ Ժոզեֆ Զաքարյանի