Կառավարությունը առաջարկում է օրենքը փոխել և թույլ տալ ոստիկաններին օգտագործել տեսանկարահանող և լուսանկարահանող անշարժ և շարժական սարքավորումներ իրենց գործունեության բոլոր ոլորտներում՝ հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանություն իրականացնելիս, ճանապարհային երթևեկության անվտնագությունը ապահովելիս։
Ոստիկանության մասին օրենքում այս փոփոխությունները քննարկվել են այսօր՝ հունվարի 17-ին, և անմիջապես քննարկումից հետո քվեարկվել են Ազգային ժողովում։ Դեմ է քվեարկել «Ելք» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունները՝ 30 ձայն։ Կողմ է քվեարկել ՀՀԿ֊ն և ՀՅԴ֊ն։
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ասել է, որ օրենքը պետք է հստակ սահմանի՝ մասնավոր կյանքի ոլորտում ոստիկանության միջամտության սահմանները, մասնավորապես, ոստիկանները պարտավոր են շարժական տեսանկարահանող սարք օգտագործելուց առաջ բանավոր տեղեկացնել քաղաքացիներին, իսկ անշարժ սարք տեղադրելու դեպքում՝ ցուցանակներ կախել։ Այս նկարահանումները պետք է արվեն Ոստիկանությանը պատկանող սարքերով, այլ ոչ թե ոստիկանների մասնավոր գործիքներով։
Եղիազարյանն ասել է, որ Ոստիկանությունը նկարահանված նյութերի պահպանման չափանիշները կսահմանի հետագայում։
Մարդկանց հետևելու և վերահսկելու նոր հնարավորությունների մասին օրենքի փոփոխությունները պարլամենտում թեժ քննարկման առարկա չդարձան։ Իրենց պարբերաբար ընդդիմադիր ներկայացնող խմբակցություններից ու պատգամավորներից մի քանիսը սահմանափակվեցին մտահոգություններ հայտնելով և հարցադրումներ անելով։
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, նախկին իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ այս օրինագիծը միջամտում է անձնական կյանքի հարգանքի իրավունքին։
«Կարող ենք ասել, որ մինչև այս կատարված նկարահանումներն արվել են օրենքի չնախատեսված կարգով։ Չեք կարծո՞ւմ, որ այդ սահմանափակումները՝ անձնական կյանքի միջամտությունները, կարող են նախատեսվել բացառապես օրենքով՝ կամ ԱԺ֊ի կողմից ընդունված, կամ հանրաքվեով», – ասել է Զեյնալյանը։
Եղիազարյանը պատասխանել է, որ առաջ անձնական կյանքի մասին օրենքի սահմանափակումները խիստ չէին, և հետևաբար նախկինում արված նկարահանումները անօրինական չէին։
«Այս օրենքով Հայաստանում ցանկացած քաղաքական գործչի, քաղաքացիական ակտիվիստի դիմացի հարևանի հետ կարող եք պայմանագիր կնքել և նրա տունը կամ գրասենյակը ամբողջ օրը նկարահանել։ Օրենքի ո՞ր կետն է բացառում, որ Ոստիկանությունը նման գործողություններ կանի», – հարցրել է նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը։
«Չեմ կարծում, որ դա այդպես է, ինչպես դուք ասեցիք», – պատասխանել է փոխոստիկանապետը։
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, նույնպես նախկին լրագրող Նաիրիա Զոհրաբյանն ասել է, որ իրենց մտահոգությունները, թե օրենքը կարող է օգտագործվել հետապնդման նպատակներով, արդարացված են, քանի որ «մեր երկրում տարիներ շարունակ եղել են քաղաքական հաշվեհարդարներ, եղել են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով դատավճիռներ։ Մնում է մարդկանց վրա դնել ժուչոկներ, որովհետև կարող է այդ մարդը պատահաբար ինչ-որ մի տեղ ինչ-որ մի հանցագործության ականատես լինի»։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախկին աշխատակից, պատգամավոր Էդմոն Մարուքյանն խոսք ուզեց, որպեսզի ասի, թե նման օրինագծերը պետք է քննարկվեին Մարդու իրավունքների հանձնաժողովում, որը ԱԺ֊ում անցյալ տարի փակվել է։