Մի խումբ քաղաքացիներ հայտարարությամբ են հանդես եկել՝ մերժելով ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ կուսակցություններից որևէ մի անդամի առաջադրումը որպես վարչապետի թեկնածու։
«Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիներս, ևս մեկ անգամ հաստատելով հավատարմությունը մեր կողմից հռչակված քաղաքական օրակարգին՝ փաստում ենք, որ մեր պայքարն ուղղված է հոգևարքի մեջ գտնվող ներկայիս կառավարման հանցավոր համակարգի մերժմանն ու նոր հանրային հարաբերությունների հաստատմանը։
Ընդ որում, այդ համակարգի մեջ պետք է ներառել երկրի քաղաքական կյանքի վրա ազդող հանրային-քաղաքական հարաբերությունների բոլոր ասպեկտները, այդ թվում՝ պետական ապարատի ձևավորման մեթոդներն ու մեխանիզմները։
Այսօր համընդհանուր ճանաչում է գտել այն փաստը, որ պետական կառավարման համակարգը յուրացնելիս վարչախումբը մշտապես դիմել է «կուսակցություն» անունով գործիքակազմին: Այն եղել է տարբեր, երբեմն՝ հանցավոր, խմբավորումների իրավակազմակերպական կառուցվածքի այն ձևը, որով լուծվել են շատ կոնկրետ խնդիրներ:
Այդ «տանիքի» տակ հավաքված մարդիկ մտել են իրար հետ ստվերային պայմանավորվածությունների մեջ և մենաշնորհային տարբեր դիրքեր ամրագելու, ինչպես նաև իրենց կապիտալի պաշտպանության համար՝ զավթել պետական կառավարման համակարգը։ Կուսակցությունների այս տեսակը մերժելի է մեզ համար։
Սույնով հայտարարում ենք, որ ՀՀ քաղաքականապես ակտիվ քաղաքացիներիս համար ստեղծված իրավիճակում մերժելի է խորհրդարանական այդպիսի կուսակցությունների կողմից վարչապետի պաշտոնում որևէ մեկի թեկնածության առաջադրումը։
Ընդունելի կլինի միայն ՔՊ կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, քանի որ նա ի սկզբանե հանձն է առել ներքոնշյալ օրակարգային կետերի իրագործումը և ժողովրդի կողմից մանդատ է ստացել: Վերջինիս հիմնական գործառույթը վարչապետի պաշտոնում պետք է լինի հետևյալ 3 օրենքների ընդունման նախաձեռնությունը և քվեարկության կազմակերպումը խորհրդարանում․
– Արդյունքների հարցում որևէ մեկի մոտ կասկած չհարուցող ընտրական նոր մեխանիզմների ներմուծում և դրանց ամրագրում ՀՀ ընտրական օրենսգրքում,
– «Կուսակցությունների մասին» նոր օրենքի ընդունում, որով կսահմանվեն, թե որ քաղաքական միավորները կարող են կոչվել կուսակցություններ և ինչ հստակ չափանիշներով ու գործառույթներով պետք է նրանք գործեն,
– «Կապիտալի դիկտատից պետական համակարգը ազատելու մասին» նոր օրենքի ընդունում, որը մի կողմից կհայտարարի տնտեսական համաներում՝ պետությանը հասցված վնասների փոխհատուցման պայմանով և մյուս կողմից այսուհետ կբացառի բիզնես ոլորտի ներկայացուցիչների մուտքը պետական կառավարման համակարգ։ Մենք մերժում ենք ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ կուսակցություններից որևէ մի անդամի առաջադրումը որպես վարչապետի թեկնածու և կոչ ենք անում բոլորին հետևել մեր օրինակին»։
Կարպիս Փաշոյան, լրագրող
Վահե Գևորգյան, լուսանկարիչ
Գարեգին Միսկարյան, ձեռներեց
Վահագն Մինասյան, ինժեներ
Միքայել Նահապետյան, ուսանող
Սարո Սարոյան, պատմաբան
Անտոն Իվչենկո, քաղաքացիական ակտիվիստ
Դավիթ Պետրոսյան, ուսանող
Սուրեն Սահակյան, տնտեսագետ
Արամ Թարվերդյան, բանաստեղծ
Սևակ Մամյան, ծրագրերի համակարգող