Հայաստանում իրավիճակ է փոխվել և հետևաբար կարիք կա կրկին բարձրաձայնել կրթական բարեփոխումների մասին։ «Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը» (ԿՔՆ) այսօր կրթության օրակարգի փոփոխության հարց է բարձրացրել, ըստ որի՝ Հայաստանում կրթության քաղաքականությունը պետք է վերաձևակերպվի կրթության իրավունքի և սոցիալական արդարության սկզբունքներից ելնելով, պետք է վերանայվեն կրթական ծրագրերը և կրթության ֆինանսավորումը։ Առաջարկությունների փաթեթը ներկայացվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին։
«Հայաստանում կրթությանը վերաբերվող փաստաթղթերի մեծ մասը շատ լավ է գրված, սակայն իրողության հետ կապ չունի։ Մենք՝ որպես նախաձեռնություն, կարևորում ենք, որ իրողություն դառնան դրանք», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախաձեռնող խմբի անդամ, մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը։
«Մենք ուրվագծել ենք կոնկրետ միջոցառումներ, որոնց առաջին մասը կարող են իրականացվել 2 ամսվա ընթացքում, որ կարճ ժամանակահատվածում որոշակի փոփոխություններ ունենանք, մյուս մասը՝ 1 տարվա ընթացքում», – ասել է ԿՔՆ-ը անդամ, քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը։
Նա ընդգծել է, որ հատկապես մարզերի բնակիչների համար կրթական համակարգում ստեղծված են խիստ անարդար պայմաններ։ Մասնավորապես,
Երևանում մանկապարտեզներն անվճար են, իսկ մարզերում, որոնք գտնվում են աղքատության մեջ, բնակչությունը զրկված է անվճար մանկապարտեզներից․ «Առաջին մեծ քայլը, որ ակնկալում ենք նոր կառավարությունից՝ խոստում տալ հենց հիմա, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում բոլոր մանկապարտեզները կդառնան անվճար»։ Սողոմոնյանը նշել է, որ իրենք ուսումնասիրել են նաև ֆինանսական աղբյուրները և կարծիք հայտնել, որ պետք է կատարել վերաբաշխումներ։
Սեղմ ժամկետներում իրականացվող հաջորդ քայլը կրթության ֆինանսավորմանը վերաբերվող առաջարկությունն է։ Բանախոսները հիշեցրել են, որ նախորդ կառավարությունը նպատակ էր դրել իջեցնելու կրթության վրա ծախսվող գումարները՝ այն հասցնելով մինչև 1,8 տոկոսի։
Ամռանը տեղի են ունենալու միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումները, և այսօրվանից պետք է սկսել այդ տոկոսը բարձրացնելու գործընթաց։ Խառատյանի խոսքով՝ այն պետք է աստիճանաբար հասցնել 4,5 տոկոսի։
Բացի դրանից, նոր կառավարությանն առաջարկվում է վերանայել Հայաստանի կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, չեղարկել տարկետման տրամադրման իրավական կարգի փոփոխությունները, չեղարկել սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը, անցկացնել կրթության ոլորտում կատարաված ծրագրերի համապարփակ աուդիտ, դպրոցներից հանել կաթողիկոսի և նախագահի նկարները:
«Տարիներ շարունակ Հայաստանում կրթությունը դիտարկվել է ինչ-որ տեղ բարիք կամ լավություն, բայց ոչ իրավունք, որ պետք է առօրյա կերպով պահանջվի։ Այդ իրավունքի իրացումը պետության պարտականությունն է», – նշել է քննարկման մասնակից, իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ կրթության ոլորտի նոր քաղաքականությունը կառուցվի իրավունքահեն մոտեցման շուրջ։ Մասնավորապես, կրթությունը պետք է մատչելի լինի յուրաքանչյուրի համար։
«Օրինակ, ինչքանո՞վ է մարզաբնակ և հատկապես գյուղաբնական երեխայի համար ֆիզիկապես և տարածքային առումով մատչելի դպրոց հաճախելը։ Կրթությունը պետք է ունենա սոցիալական և մշակութային մատչելիություն։ Այսինքն՝ այն միջավայրը, որ տիրում է դպրոցում և կրթական համակարգում պետք է համապատասխանի երեխայի կարիքներին», – ասել է Սիմոնյանը։ Նա նաև ընդգծել է, որ կրթական համակարգում կա խտրականության և բռնության մթնոլորտի խնդիր, որը պետք է վերացնել։
ԿՔՆ-ը ներկայացրել է մի շարք այլ օրակարգային հարցեր, որոնց մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Նշենք, որ քիչ առաջ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռազմահայրենասիրական դաստիարակության նախագծին, նշել է, որ բազմաթիվ բողոքներ է ստացել դրա հետ կապված և այդ նախագիծը հետ է կանչելու։
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը (ԿՔՆ) 2017թ․ ապրիլին ձևավորված բաց հարթակ է կրթության ոլորտի բոլոր շահառուների համար։ Նախաձեռնության անդամների նպատակն է հանրային վերահսկողություն իրականացնել կրթության ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ, ինչպես նաև հանդես գալ առաջարկներով։