Մայիսի 6-ին Հայաստանի հյուսիս֊արևելքում գտնվող «Մեհրաբ» զորամասում մահացած ժամկետային զինծառայող Լևոն Թորոսյանին վիրավորանք հասցնելու մեղադրանք է (360-րդ հոդվածի 2-րդ մաս) առաջադրվել նույն զորամասի դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտին։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն՝ առանց նշելու սերժանտի անունը։
Թորոսյանը մահացած հայտնաբերվել էր զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում` ծնոտի և գլխի շրջաններում ստացած հրազենային վիրավորումով։
Զինվորի մահվան հետ կապված հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Քննության ընթացքում, նշված է Քննչականի այսօրվա հաղորդագրության մեջ, բացահայտվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ Թորոսյանին անպարկեշտ ձևով ստորացնելու, վիրավորանք հասցնելու դեպքեր։
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում զինծառայողի բարեկամները նշել էին, որ ինքնասպանության վարկածին չեն հավատում։ Իր հերթին, «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության փորձագետ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն ինքնասպանության վարկածն անմիջապես դիահերձումից հետո հերքել էր։ Նա ակնհայտ էր համարել սպանության փաստը՝ նշելով, որ Լևոն Թորոսյանի մարմնի վրա՝ սեռական օրգանների հատվածում լուրջ վնասվածքներ են եղել։