հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Մահացած զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին

Մահացած զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին

Մայիսի 4-ին Հայաստանի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում բերանի խոռոչի շրջանում ստացած հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանին վիրավորանք հասցնելու մեղադրանք է (360-րդ հոդվածի 2-րդ մաս) առաջադրվել նույն զորամասի պայմանագրային  զինծառայող, հենակետի ավագին։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն՝ առանց նշելու զինծառայողի անունը։

«Բացահայտվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ շարքային Գասպարյանին անպարկեշտ ձևով ստորացնելու՝ վիրավորանք հասցնելու, ինչպես  նաև մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները  խախտելու դեպքեր», -նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։ Հենակետի ավագին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ  քրեական  օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):

Ավելի վաղ Քննչական կոմիտեն զինծառայողի մահվան դեպքի առիթով հարուցել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Նշենք, որ մայիսի 6-ին Հայաստանի հյուսիս֊արևելքում գտնվող «Մեհրաբ» զորամասում հայտնաբերվել էր ևս մեկ զինծառայողի՝ Լևոն Թորոսյանի դի։ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել նորից 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Epress.am-ի հետ զրույցում զինծառայողի բարեկամները նշել էին, որ ինքնասպանության վարկածին չեն հավատում։ Իր հերթին, «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության փորձագետ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն ինքնասպանության վարկածն անմիջապես դիահերձումից հետո հերքել էր։ Նա ակնհայտ էր համարել սպանության փաստը՝ նշելով, որ Լևոն Թորոսյանի մարմնի վրա՝ սեռական օրգանների հատվածում լուրջ վնասվածքներ են եղել։