Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել SOS TV-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի բողոքի ու լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:
Տիգրան Աթանեսյանը, Մասիսի քաղաքապետին խափանման միջոցը փոխելու և ստորագրությամբ երկրից չհեռանալու որոշումից հետո, Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր իր վստահորդի հետ լուսանկար՝ գրառելով․ «Շատ կարգին մարդ, լավ քաղաքապետ, ցավոք առայժմ մեղադրյալ անհիմն մեղադրանքով, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ իմ գրասենյակում»:
Հիշեցնենք, Մասիսի քաղաքապետը և փոխքաղաքապետը կասկածվում են ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում խաղաղ ցուցարարներին ծեծելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։
Փաստաբանի այդ հրապարակումը հարուցել էր օգտատերերի զայրույթը։ Վիլեն Գայֆեջյանն Աթանեսյանի այդ հրապարկման տակ մեկնաբանություն անողներից է եղել՝ նշելով, «թե հույս ունի, որ դա ուժեղ սարկազմ է»: Տիգրան Աթանեսյանը մեկնաբանություններից մեկում հայհոյել է Գայֆեջյանին:
Վիլեն Գայֆեջյանն իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքով փաստաբան Վահե Գրիգորյանի հետ դիմել է դատարան՝ նպատակադրվելով Աթանեսյանին զրկել փաստաբանական լիցենզիայից։
«Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքում իր հրապարակման ներքո արված գրառումներ անողներին որակել է «ֆեյք»։ Ինչ վերաբերում է Վիլեն Գայֆեջյանին՝ փաստաբանն ասել է․ «Վիլենը թող իրեն կարգին պահի և «աչոկներ» չհավաքի էս պահերին: Հայհոյանքները․․․ դուք չեք տեսել ամբողջականը, որովհետև ես այն բլոկ եմ արել և ջնջել եմ, դա իմ էջում էր»: