Home / Բնապահպանություն / Ամուլսարից. Հեղափոխությունը չի ավարտվել, էնտեղ մի ուրիշ հեղափոխություն է՝ շատ հիմնավոր ու երկարատև

Ամուլսարից. Հեղափոխությունը չի ավարտվել, էնտեղ մի ուրիշ հեղափոխություն է՝ շատ հիմնավոր ու երկարատև

5 օր Ամուլսարի շրջակայքում էի, դեպի սար գնացող ճանապարհները փակած մարդկանց մոտ: Այսօր նոր տուն եկա, էլի գնալու եմ: Ուզում եմ պատմել, թե ինչ հավես մթնոլորտ էր այնտեղ: Ուրեմն կա 4 «պոստ», այսինքն 4 ճանապարհ դեպի սարը: Ու էդ բոլոր տեղերում մարդիկ հերթափոխում են գիշեր ու ցերեկ: Հիմնականում Ջերմուկ, Գնդեվազ ու Կեչուտ համայնքներից են, բայց տարբեր մարզերից էլ են մարդիկ հա գալիս ու միանում: Ավտոներն անցնելուց միշտ ողջունում են, մարդիկ սնունդ են բերում հյուրասիրում: Բոլորի մոտ իսկականից սիրո ու համերաշխության մթնոլորտ է, անգամ չեն տրվում Լիդիանի պարբերաբար սարքվող սադրանքներին: Մանիպուլյացիաների զոհ չեն դառնում, միասնական ու դրական տրամադրությամբ լուծում են հարցերը: Ամեն ինչ որոշվում է ընդհանուր ժողովներում, ոչ մի առաջնորդ կամ կազմակերպիչ չկա:

Մարդիկ լրիվ գիտակցաբար դուրս են եկել հանուն իրենց իրավունքների ու իրականացնում են իրենց սահմանադրական իրավունքը: Անընդհատ հետևում են զարգացումներին, մասնագետների կարծիքներին, սովորում ու ինքնակրթվում են: Մարդիկ լրիվ գիտակցում են ռիսկերը, ունեն իրենց այլընտրանքները, տիրապետում են իրավիճակին ու պատրաստ են մինչև վերջ կանգնել: Ցերեկվա շոգին, գիշերվա ցրտին, ճռռան արևին ու Ամուլսարից փչող ուժեղ քամուն էլ մարդիկ կանգնած են, պաշտպանում են դիրքերը: Անգամ հանքի աշխատողներն են աջակցում էս մարդկանց: Բոլորն իրար հանդեպ հոգատար, չեն զլանա հազարերորդ անգամ մեքենան քշել այնտեղ, ուր քեզ պետք է, բոլորը ոտքի վրա կմնան, որ մյուսները նստեն: Խարույկ, երաժշտություն, խաղեր, կատակներ, էս մթնոլորտն է էնտեղ, որ էնպես հոգեհարազատ ա դառնում, որ չես ուզում հետ գաս, որ ուզում ես անգամ Լիդիանին շնորհակալություն ասես էս համախմբման համար:

Պարբերաբար պետական պաշտոնյաների կողմից հնչող մեղադրանքներն էլ չեն կոտրում էս մարդկանց, քանի որ նրանց գործն արդար է: Նրանք, այդ «սաբոտաժնիկներն» էնքան վառ դեմքեր են, որ Լիդիանն ավելի ու ավելի շատ սխալներ ա թույլ տալիս, ավելի ու ավելի ա հիստերիկանում ու տիրապետումը կորցնում: Էդ նշանակում ա, որ ամեն ինչ լավ ա, որ հաղթած ենք, որ Ամուլսարը փրկված է, որ Հայաստանը փրկված է:

Քանի վերջնականապես ու պաշտոնապես չի հայտարարվել հանքի դադարեցման մասին, շտապեք այնտեղ ու զգացեք էս ամեն գրածս: Հեղափոխությունը չի ավարտվել, էնտեղ մի ուրիշ հեղափոխություն է կատարվում, շատ հիմնավոր ու երկարատև:  🙂

Ani Seize Khachatryan
աղբյուր՝ հեղինակի ֆեյսբուքի էջ


Լուսանկարը՝ բնապահպանական շարժման այլ մասնակից Sofia M-nը արել է այսօր՝ հունիսի 29-ին․ Պատկերի տակ նա թողել է հետևյալ մեկնաբանությունը․ «հիշեցնենք, որ բնակիչները, բնապահպանները, մտահոգ քաղաքացիները չեն փակել միջքաղաքային-միջպետական ճանապարհները, դրանք բաց են…նկարը Ամուլսարից է, մինչդեռ Լիդիանը շանտաժ է անում կառավարությանը, կամ Փաշինյանի լեզվով սաբոտաժ է անում, իր աշխատակիցներին ատիպելով փակել Ջերմուկ տանող ճանապարհը»։