Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը ստանձնած «Ռասիա ՖԶԷ»-ն միջազգային արբիտրաժ հայց է ներկայացրել՝ Հայաստանից Հանրապետությունից պահանջելով 160 միլիոն դրամ։ «Հայկական ժամանակ» օրաթերթը ներկայացրել է, թե ինչպես է ընկերությունը հայտնվել Հայաստանում և «կարելի է ասել, որ այս հայցն ընդդեմ Հայաստանի Սերժ Սարգսյանի նվերն է հայ հանրությանը»։
Երեկ՝ սեպտեմբերի 4-ի ասուլիսի ժամանակ, Տրասպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հայտարարել է, որ «Ռասիա ՖԶԷ»-ը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Նշենք, որ ընկերությունը պետք է իրականացներ Հայաստանի հարավային երկաթուղու նախագծումը, ֆինանսավորումը, կառուցումը և շահագործումը։
Ընկերությունը պնդում է, որ հայկական կողմի գործողությունների հետևանքով վնասներ է կրել։
Նախարարի համոզմամբ՝ հայցն անտրամաբանական է, և անհանգստանալու կարիք չկա։ Այնուամենայնիվ, նշել է, որ հայկական կողմը ձեռքերը ծալած չի նստելու և արդեն իսկ Կառավարության կողմից ներգրավվել է միջազգային հեղինակավոր կազմակերպություն՝ Հայաստանի շահերը պաշտպանելու համար։
«Խնդիրն այն է, որ այդ ընկերությունը, եթե մեղմ արտահայտվենք, չափազանց կասկածելի է, այսօրվա բառապաշարով ասած՝ «ֆեյք» է։ Այն գրանցված է Դուբայում, չունի որևէ կենսագրություն, չունի կոնտակտային տվյալներ, զբաղեցնում է մի փոքր գրասենյակ ինչ-որ օֆիսային շենքում ու իր վրա է վերցրել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման 3․5 միլիարդից 5 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրի իրականացումը․․․
2008 թվականի հոկտեմբերին ԱԺ-ին և ժողովրդին հղած իր ուղերձում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը։ Շատ գրավիչ և ոգևորիչ հայտարարություն էր և, բնականաբար, Սերժ Սարգսյանից անկախ մամուլը սկսեց հաճախակի հիշեցնել այդ երկաթուղու մասին։ Պաշտոնյաները պնդում էին, թե ոչ մի կասկած չունեն, որ երկաթուղին կառուցվելու է, բայց դա չէր փարատում կասկածները։ Ու որպեսզի ցույց տան, որ Սերժ Սարգսյանը 2008 թվականի Մարտի 1-ից հետո հանրությանը ինչ-որ կերպ հանգստացնելու համար չէ, որ այդպիսի խոստում է տվել, պաշտոնյաները սկսեցին փնտրել գործողությունների պատրանք ստեղծելու տարբերակներ։ Եվ ահա հայտնվեց «Ռասիա ՖԶԷ»-ն։ Ինչպես հայտնվեց՝ մինչև հիմա անհասկանալի է մնում։ Թե մեր պաշտոնյաները գտան նրան, բերեցին, թե ինքը եկավ, գտավ մերոնց՝ անհայտ է։ Ամեն դեպքում, այդ ընկերության տնօրենին՝ Ջոզեֆ Բարկովսկի անուն-ազգանունով, բարձր մակարդակի ընդունելություն էին ապահովում։
Նա հանդիպում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, հարցազրույցներ տալիս, գեղեցիկ ճառեր ասում։
2013 թվականի հունվարի 18-ին Բարկովսկին իր «Ռասիա ՖԶԷ»-ի անունից փոխըմբռման հուշագիր ստորագրեց Հայաստանի կառավարության հետ՝ ի դեմս Տրանսպորտի և կապի այն ժամանակվա նախարար Գագիկ Բեգլարյանի։ Ու հայտարարվեց, թե Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի իրականացման պաշտոնական մեկնարկն է։ Եվ մի շատ պատահական զուգադիպությամբ Հայաստանում պետք է տեղի ունենային նախագահական ընտրություններ։ Ու եթե նախընտրական այդ շրջանում Սերժ Սարգսյանին հարցնեին, թե բա Իրան-Հայաստան երկաթուղին ինչ եղավ, նա կարող էր ասել, թե բա հեսա, Բարկովսկին եկել է, հուշագիր ենք ստորագրել, հեսա սկսում ենք։
Այդ հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, թե բուն շինարարության ժամկետներին կարելի կլինի անդրադառնալ մեկուկես տարի անց, երբ ավարտված կլինեն ուսումնասիրություններն ու նախագծային աշխատանքները։ Դրանով, փաստորեն, Սերժ Սարգսյանի խոստացած այդ «գիգանտ» ծրագրի իրագործման շուրջ կասկածների գրոհը հետաձգվեց։ Անցավ ժամանակ, ու Բարկովսկին եկավ Հայաստան։ Հրավիրեց մամուլի ասուլիս, մի քանի գունավոր ու պարզունակ սլայդեր ներկայացրեց, այսպես ասած, «պռեզենտացիա» արեց ու էլի կորավ։
Այդքանը բավարար էր, որ պաշտոնյաները կրկին հայտարարեին թե հեսա-հեսա, մի քիչ էլ սպասեք, ու երկաթուղին կկառուցվի։ Էս ընթացքում ում ասես չդիմեցին՝ էլ ռուսներին, էլ չինացիներին․․․ Ֆինանասվորում այդպես էլ չգտան։
Ի վերջո, 2017 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը լուծարեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, որի ստեղծման և պահպանման վրա պետական բյուջեից ծախսվել է ավելի քան կես միլոն դոլար։ Դրանով թեման կարծես թե պաշտոնապես փակվեց», – գրում է թերթը։
Հայաստան֊Իրան երկաթգծի մասին՝ այստեղ