Երբ նախօրեին Հասմիկ Ռաֆայելովնան՝ հարցերիս պատասխանը ստանալու և խնդիրը հասկանալու համար խորհուրդ տվեց գալ Նոր֊Նորք 5/5 համատիրություն, դեռ չէի պատկերացնում, որ ինձ ամուսնական զույգի հետ հանդիպում է սպասում, որի աշխատելաոճն է՝ գոռգոռալ, հետո ասել, որ նման բան չի եղել և պնդել, թե այդ մենք ենք ձայն բարձրացնում։
Ծանոթս 33 տարեկան կին է, ում երեխան այս տարի գնաց առաջին դասարան։ Դպրոցում այլ փաստաթղթերի հետ մեկտեղ հաշվառման մասին տեղեկանք են պահանջում, որն ստանում են համատիրությունում։ Այդ տեղեկանքի համար որևէ վճար նախատեսված չէ։ Դրա տրամադրումը կապ չունի պարտադիր նորմերի վճարման հետ։
Հակասություններն սկսվեցին, երբ կինը հրաժարվեց մուծումներ կատարել՝ ասելով, որ այդ հարցով կզբաղվի իր ամուսինը, ով այժմ գործուղման է։ Պնդելով, որ այս պահին նրանք տեղեկանք չտրամադրելու իրավունք չունեն, և ուշացման համար նա արդեն դպրոցում կարող է խնդիրներ ունենալ, կինը պահանջեց այլևս ժամանակ չխլել։ Իրավիճակը բարդացավ, երբ նա շեշտեց, որ կդիմի լրագրողների օգնությանը և ասաց, որ ամուսինը, լինելով նախարարություններից մեկի աշխատակից, տեղյակ է օրենքներից և վստահաբար որևէ խնդիր՝ վճարումների հարցն ավելի ուշ լուծելու և տեղեկանքն այժմ տրամադրելու հետ կապված չկա։
Համատիրությունում նախարարության աշխատակցին տեսնելու ցանկություն առաջացավ․ «Այդ ո՞վ է որ, բեր տեսնենք, շանտա՞ժ ես անում»։
Շենքի այլ ծնող-բնակիչների խոսքով՝ վերջերս նրանց մոտ նույն խնդիրն էր ծագել, և առհասարակ, համատիրության աշխատողները միշտ են բղավելով խոսում՝ ասելով, որ իրենց դեմը խաղ չկա։ Տեղեկանքն էլ ստացել են առանց գումար վճարելու, բայց էլի «կռվով»։ Համատիրությունում, սակայն, հավաստիացրեցին, որ որևէ այլ բնակչի հետ որևէ խնդիր նրանք չեն ունեցել։
Բնակիչները ցանկանում են իմանալ, թե որտեղ կարելի է դիմել, եթե համատիրության տնօրեն Արմեն Սողոմոնյանն ու աշխատակիցը չարաշահում են իրենց լիազորությունները։ Նրանց աշխատաոճի պատճառով են իրենք խուսափում որևէ հարցով այդ կառույց դիմելուց և հրաժարվում մուծումներ կատարելուց՝ նախընտրելով շենքում ծագած ցանկացած խնդիր սեփական ուժերով և ֆինանսներով լուծել։
Առաջին դասարանցիների ծնողներին համատիրությունում ասել էին, որ տեղեկանքը չի տրվի մինչև նրանք չկատարեն նշված մուծումները։ Բնակիչները հրաժարվել են, ինչպես արել են տարիներ շարունակ, քանի որ չեն տեսնում կառույցի գործունեության արդյունավետությունը և աշխատակիցների պատշաճ վերաբերմունքը։
Երկու օր առաջ զանգահարեցի համատիրություն։ Ուզում էի հասկանալ, ինչու են նրանք պարտադիր նորմերի վճարումների հարցը փորձում այդկերպ լուծել։ Նախապես ճշտել էի, որ նման հիմքով տեղեկանքը տրամադրելուց հրաժարվելն անօրինական է։ Հասմիկ Ռաֆայելովնան, նախ, ասաց, որ գիտի, թե ում հորդորով եմ զանգահարել, հետո տեղեկացրեց, որ տվյալ համատիրությունում հենց էդպես է, ասել է թե՝ վճարիր և ստացիր։ Ավելի ուշ խոստովանեց, որ կնոջը մերժելու պատճառը վերջինիս՝ մտնելուն պես կռիվ անելն էր։
Բնակիչները պնդում են, որ հենց դա՛ է համատիրության հետ շփվելու լեզուն, քանի որ այլ տարբերակներ իրենք չունեն․ Սողոմոնյանն ու Հասմիկ Ռաֆայելովնան բոլորին են դիմավորում բարձր տոնայնությամբ։
Հասմիկ Ռաֆայելովնայի հետ հեռախոսազրույցը հատկանշական էր, օրինակ, նրանով, որ նա պատմեց, թե որքան ուրախ է երիտասարդության վերելքի համար։ 20 րոպեանոց զրույցն ինձ չօգնեց ստանալ հարցիս պատասխանը, փոխարենն իմացա, որ երիտասարդ ձայն ունեմ իմ տարիքի համար (32տ․)… Կարծես, չպետք է շարունակեր զրույցը, եթե 22 կամ 26 տարեկան լինեի։ Հետո նա ասաց, որ օրագիր է վարում, որտեղ արձանագրում է «իմ ազգի փոփոխությունը, իմ դրական միտումները, որ գնանք դեպի լավը․․․»։ Հիշեցնեմ, որ նախորդ օրը ծանոթիս վռնդեցին՝ գոռալով և փաստաթղթերը սեղանին շպռտելով։
Համատիրությունում մեզ հորդորում էին բերել և ցույց տալ այն անձին, ում հաջողվեց իր հարցը մունաթով լուծել։ Ըստ հարևանների՝ դա համատիրությունում հարցեր լուծելու օպտիմալ տարբերակն է․ «Մինչև մունաթ չգաս, տեղից չեն շարժվի»։ Սողոմոնյանը նույնիսկ ենթադրեց, որ հարևաններն անհայտ նպատակներով խաբել էին՝ կնոջն ասելով, որ խնդիրների բախվեցին այդ չարաբաստիկ տեղեկանքի ստացման ճանապարհին, և նրան տրամադրել կառույցի դեմ։ Ասացի, որ այդ ամենը կարելի է ասել հանդարտ ձայնով։ Ծանոթս նշեց, որ այս գործընթացը համատիրության աշխատակիցների գործն է, նրանք օրվա ընթացքում կարող են տարբեր մարդկանց հանդիպել և ամեն դեպքում պարտավոր են ծառայությունները պատշաճ ձևով մատուցել։
Մեզ ասացին, որ հենց էդպես էլ անում են՝ նկատելով, թե ժամանակին մանուկներին գրենական պիտույքներ էլ էին նվիրում ուսումնական տարվանն ընդառաջ, բայց այդ բարեգործության ձևից ստիպված էին հրաժարվել՝ ծնողների վարքի պատճառով։
Սկզբից անհրաժեշտ փաստաթղթերի շարքում ինչ֊որ վկայական էր պակասում, որն իմ ծանոթը ներկայացրեց արդեն մեր համատեղ այցելության ընթացքում։ Միգուցե, նրա կողմից քաղաքապետարանի թեժ գիծ դիմելն էր օգնել, բայց գրեթե մեր հայտնվելուն պես սկսված բղավոցը, դրա տևողությունն ու ձեռքերիս ու ծնկներիս նյարդային դողը, վերջիվերջո, ավարտվեց տեղեկանքի տրամադրմամբ։
Եվս մեկ հուշում․ եթե ուզում եք արագ լուծել համատիրության հետ կապված որևէ հարց, տեղեկացրեք ձեր հղիության մասին և կլսեք «մենք հո ֆաշիստ չենք» խոսքերը։ Կլսեք նաև, որ, ահա, հենց դրանով է պայմանավորված ձեր այս օրերի նյարդային վիճակը, բայց ոչ մի դեպքում՝ իրենց աշխատելաոճով։ Սակայն հանկարծ չփորձեք ասել, որ ձեր ամուսինը կամ դուք քիչ թե շատ օրենքներից գլուխ եք հանում։ Դա կդիտարկվի իբրև մարտահրավեր։
Ու պարտադիր ձեզ մոտ ձայնագրիչ ունեցեք, քանի որ, երբ ցանկանաք իմանալ բղավելով խոսելու պատճառը, ձեզ կասեն, որ նման բան չի եղել, այդ դո՛ւք եք բղավում։
Ա․Մ․