Ադրբեջանում սոցիալական կայքերի օգտատերերը զանգվածաբար պարում են տեսախցիկների առաջ և հրապարակում ստացված հոլովակները: Ակցիան իրականացվում է ի համերաշխություն Իրանում ապրող իրենց բազմաթիվ ազգակիցների։
https://www.youtube.com/watch?v=uz9WqZmZ70g
Ակցիան սկսել են Իրանի էթնիկ ադրբեջանցիները, որոնք կազմում են երկրի բնակչության մոտ մեկ քառորդը։ Այդ քայլով որոշել են դժգոհություն արտահայտել ամենատարբեր խնդիրների շուրջ, այդ թվում՝ Իրանի տնտեսական ողբալի պայմանների՝ հատկապես հյուսիսային հատվածում, որը խիտ բնակեցված է ադրբեջանցիներով։ Բողոքն արտահայտվել է ադրբեջանական ծագում ունեցող իրանական երգչի «Նրանք քեզ նկատի ունեն» տակ պարելու տեսքով։
Սոլիդարության նման ակցիաները համեմատաբար քիչ են։ «Պատմության մեջ առաջին անգամ Հյուսիսային Ադրբեջանի սոցկայքերում գերակշռում է Հարավային Ադրբեջանի թրենդը, – գրում է սոցցանցերի ադրբեջանական տիրույթներում հայտնի օգտատեր Ջավիդ Աղան․ – Տպավորություն է, որ երաժշտությունը միակ բանն է, ինչի կարիքը եղել է այս ողջ տարիների ընթացքում»։
«Իրանն այն երկիրն է, որտեղ ձեզ կարող են պատժել պարի համար, ամենամեծաքանակ փոքրամասնության՝ ադրբեջանցի թյուրքերի երաժշտության պրոպագանդայի, գլխաշոր չկրելու, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության համար, – գրում է հետաքննող լրագրող Հադիջա Իսմայիլովան ֆեյսբուքյան իր էջում, – սա սոլիդարության ամենախոշոր ակցիաներից մեկն է»։
Ադրբեջանական պար-բողոքի ակցիան հաջորդեց իրանական սոցկայքերում բռնկված սկանդալին, երբ այս տարվա հուլիսին ձերբակալվեց մի աղջիկ, որը Instagram-ում հրապարակել էր պարի տեսահոլովակ՝ սեփական կատարմամբ։ Այդ ժամանակ իրանցիները, և ոչ միայն նրանք, արտահայտեցին իրենց սոլիդարությունը աղջկան՝ հրապարակելով իրենց սեփական հոլովակները:
«Səni deyirlər» երգը նվիրված է Ուրմիա ցամաքող աղի լճին, որ գտնվում է իրանական Արևելյան և Արևմտյան Ադրբեջաններ մարզերի միջև։ Լճի ցամաքումը դարձավ իրանական ադրբեջանցիների՝ Թեհրանի իշխանությունների հանդեպ դժգոհության գլխավոր պատճառը։ Վերջիններս փորձում են ճնշել ադրբեջանական մշակույթը և երկրում քաղաքական հայացքների արտահայտումը։
«Ուրմիա լճում լավ է լողալը, բայց նրանք ցամաքեցրին այն» – ասվում է երգում։ Երգն ավարտվում է «Կեցցե Ադրբեջանը» բառերով։
Ակցիան հասել է անգամ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներին։ Facebook-ի օգտատերը հոլովակ է հրապարակել, որտեղ ընդդիմության առաջնորդ Իլգար Մամեդովը, անուններ չտալով, քննադատում է Ադրբեջանի մյուս ընդդիմադիր ուժերին անարդյունավետ հանրահավաքներ անցկացնելու համար, որոնք միայն հօգուտ իշխանության են։ Տեսանյութը, որում ընդդիմադիրը քննադատում է քաղաքական ուժերին, ևս կոչվում է երգչի «Նրանք քեզ նկատի ունեն»:
Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք լռում են։ Թեհրանը ծայրահեղ զգայուն է արձագանքում ադրբեջանական անջատողականության յուրաքանչյուր ակնարկի, իսկ պաշտոնական Բաքուն բավական ջանասիրաբար խուսափում է իրանական ադրբեջանցիների հետ կապված հարցերից, որպեսզի չհարուցեն իրանական իշխանությունների դժգոհությունը, գրում է «Մեյդան TV-ն»։
https://www.youtube.com/watch?v=HhROHpQLUsM