Այսօր առավոտվանից Արագածոտնի մարզի երեք գյուղերի բնակիչներ փակել էին Երևան֊Գյումրի մայրուղու Արագածոտնի հատվածը՝ կանգնեցնելով «Հյուսիս֊Հարավ» ճանապարհի ընթացիկ շինարարությունը։ «Մեր գյուղին մոստ չի կառուցվում, շրջադարձ չկա, պիտի անցնենք Կոշի հատվածից, նոր հետ դառնանք, գանք։ Ժողովուրդը պահանջում է մի հատ անցում տան, Երևանից գալացող մեքենան մտնի և դուրս գա, էդքան բան», – «Ազատության» ուղիղ եթերի ժամանակ ասել է Արագածոտն գյուղի բնակիչներից մեկը։
Շինարարության նախագծով իրենց գյուղերին տրամադրված չեն գետնանցումներ, որով իրենք կարող են շրջանցել մայրուղին, ինչի պատճառով ստիպված են մի քանի կիլոմետր անցնել, որպեսզի կարողանան մայրուղուց մուտք գործել իրենց գյուղ։
Տեղացիների խոսքով, իրենց գյուղի՝ Երևանում սովորող մոտ 30 ուսանող, Երևանից վերադառնալիս այս նախագծի հետևանքով ստիպված են հասնել Կոշ, հետո միայն իրենց գյուղ, ինչը ժամանակի և տրանսպորտի առումով հավելյալ դժվարություններ է ստեղծում․ «Եթե քո երեխան ուսանող ա, եկել ա, կանգնել ա, դու պետք ա գնաս Ուջան, Ուջանով շրջանցես, գնաս հասնես Կոշ, նոր Կոշից վերցնես քո երեխային, բերես՝ 10 կիլոմետրից ավել ճանապարհ ենք շրջում», – ասել է Արագածոտն գյուղի բնակիչը։
Ըստ գյուղացիների, նախագծով վերգետնյա անցում է նախատեսված եղել, որը, սակայն, հետագայում հանվել է․ «Խնդրին տեղյակ են Արագածոտնի մարզպետը, Կապի և տրանսպորտի նախարարությունը, վարչապետը։ Քննարկումից հետո մեզ խոստումներ տվեցին, որ կիրագործեն։ Քանի որ վարչապետը երկրից դուրս է, երևի իրենց պրոբլեմը դրա հետ է կապված, որ չեն պատասխանում», – նշել է ցուցարարներից մեկը։Արագածոտն գյուղի գյուղապետը, ով ներկա է եղել ակցիային, հայտնել է, որ ցուցարարները խոսել են մարզպետի հետ։ Վերջինս հանդիպում է առաջարկել։ Ամեն համայնքից 4 ակտիվիստ, գյուղապետերը, տրանսպորտի նախարարը, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը կհանդիպեն մարզպետարանում՝ խնդիրը քննարկելու համար։
Աշտարակի ոստիկանության բաժնի պետ Ալբերտ Երիցյանն ակցիայի ժամանակ տեղեկացրել է Արագածոտնի մարզպետի և Տրանսպորտի նախարարի հետ ունեցած զրույցի մասին․ «Տեղյակ չէին էս խնդրից, հիմա կգան, էս հարցին լուծում տան»։
Լսելով Երիցյանի խոսքը՝ գյուղացիները որոշեցել են բացել ճանապարհը։
Այնուհետև նրանց հետ հանդիպման է եկել «Հյուսիս֊Հարավ» ավտոմայրուղու շինարարության ծրագրերի ղեկավար Կարեն Բադալյանը։
Նա վստահեցրել է, որ երկուշաբթի օրվա հանդիպմանը բոլոր հարցերը կքննարկվեն․ «Որպեսզի կոնկրետ իմանաք, երկուշաբթի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները, «Հյուսիս֊Հարավի» ներկայացուցիչները, Արագածոտնի մարզպետը, գյուղապետերը, դուք, ժամը 11֊ին կհանդիպեք»։ Նա ընդգծել է, որ հարցի ուսումնասիրությունը որոշ ժամանակ է պահանջելու․ «Այն հարցերը, որոնք ֆինանսական մեծ ռեսուրս չեն պահանջում և հնարավոր է շուտափույթ լուծել, կլուծեն, իսկ մյուս՝ ավելի երկար ուսումնասիրություն պահանջող հարցերի համար ժամանակ է պետք։ Եթե որոշվի այդ հատվածում կամուրջ կառուցել, մոտ երկու ամիս կատարվելու է հետազոտություն, մոտ մի ամիս նախագծում և այլն, այսինքն՝ ընդհանուր 4֊5 ամիս»։
Ի վերջո ցուցարարները որոշել են դադարեցնել ակցիան՝ պայմանով, որ երկուշաբթի օրվա հանդիպմանը հարցին որևէ լուծում կտրվի։
«Երկուշաբթի օրը՝ ժամը 1֊ին եթե պատասխան չեղավ, ընդհանրապես փակելու ենք ճանապարհը՝ գիշեր֊ցերեկ։ Մենք Փաշինյանին հավատում ենք, ինքը սուտ չի խոսացել էսքան վախտ։ Բայց եթե երեքշաբթի օրը վիճակը դրական չեղավ, արդեն Փաշինյանն էլ էկավ, չենք բացի», – եզրափակել են ցուցարարները։