Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական Ղազախ քաղաքի բնակիչ, 37-ամյա Էլմիր Ահունդովը մահացել է ոստիկանության բաժանմունքում: Ինչպես Մեյդան TV-ին հաղորդել է հանգուցալի քույրը՝ Ուլվիա Ահունդովան, մահվանից առաջ նրան ծեծել են: Որպես ապացույց նա սոցիալական կայքերում տարածել է եղբոր լուսանկարները՝ մարմնին հարվածների հետքերով:
Նա հայտնել է, որ եղբորը տարել են փողոցից, երբ վերջինս դուրս է եկել ծխախոտ գնելու․ «Ես անմիջապես գնացի ոստիկանություն նրա ետևից, բայց ինձ ներս չթողեցին: Այնուհետև եկավ «շտապօգնությունը»: Դրանից հետո ինձ հիվանդանոցից զանգեցին և ասացին, որ եղբորս սպանել են»:
Ոստիկանության բաժանմունքում հայտնել են, որ «Ահունդովը կանչվել է վկայություն տալու, պատահաբար վատ է զգացել, շտապօգնություն են կանչել, բայց նա հիվանդանոցում մահացել է»:
Ղազախի շրջանի դատախազությունում հայտնել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 124.1 (սպանություն անզգուշության հետևանքով) և 221.3 (զենքի կամ որպես զենք օգտագործված առարկայի կիրառմամբ կատարված խուլիգանություն) հոդվածներով:
Մեյդան TV-ն նշում է, որ սա Ադրբեջանի ոստիկանական բաժանմունքներում գրանցված նմանատիպ առաջին դեպքը չէ: 2018 թվականի հունիսի 9–ին Օգուզի շրջանի բնակիչ, 1989 թվականին ծնված Յոլչու Յուսիֆովը, ոստիկանության բաժանմունք էր կանչվել հարցաքննության: Հարցաքննության ժամանակ երիտասարդը նետվել էր պատուհանից և մահացել։
2017 թվականի ապրիլի 11-ին Լյանքարան քաղաքում՝ ոստիկանական բաժանմունքում, արտակարգ դեպք էր գրանցվել: Պաշտոնական վարկածով՝ հերթապահ մաս տեղափոխված 43-ամյա Ֆայիլ Հուսեյնովը գիշերվա ժամը 3-ին ոստիկանության աշխատակցից ջուր է խնդրել: Երբ ոստիկանը ջուրը բերել է, Ֆայիլ Հուսեյնովը բռունցքով անսպասելիորեն հարվածել է նրան, խլել ատրճանակը և ինքնասպանություն գործել:
2017 թ. մարտի 27-ին Գերանբոյսկի շրջանի ոստիկանական բաժանմունքում վկայություն տալու ժամանակ մահացել էր 40-ամյա Ռաշադ Գարաևը:
ՆԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, Գարաևի վիճակը «կտրուկ վատացել է և, չնայած բժշկական անհապաղ օգնությանը, նրան փրկել չի հաջողվել»:
2016 թվականի մարտի 12-ին՝ Բաքվում,ոստիկանության բաժանմունքներից մեկի բակում մահացել էր 30-ամյա Զաուր Սուլթանովը: Ըստ շրջանային դատախազության՝ «Զաուր Սուլթանովը հրավիրվել էր ոստիկանական բաժանմունք: Սպասելով բաժանմունքի բակում, նա ընկել է նստարանից և մահացել: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության բաժանմունքում Սուլթանովի նկատմամբ չի կիրառվել որևէ ֆիզիկական բռնություն, իսկ քերծվածքները նրա մարմնի վրա հայտնվել են ընկնելու հետևանքով»:
Ամենամեծ հնչեղությունը ստացել է 27-ամյա Բահրուզ Գաջիևի մահվան դեպքը․ 2015 թ. օգոստոսի 20-ին՝ Մինգեչաուր քաղաքի ոստիկանական բաժանմունքում: Այդ ժամանակ ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի «վարչական շենքի ծառայողական սենյակներից մեկում աշխատակիցների կողմից հարցաքննվող Բահրուզ Գաջիևը հանկարծակի նետվել է պատուհանից, ինչի հետևանքով մահացել է: Հանգուցյալի մտերիմ բարեկամների մասնակցությամբ անցկացված դատաբժշկական փորձաքննության ժամանակ մարմնի վրա բռնության որևէ հետք չի հայտնաբերվել»:
Վերոնշյալ ողբերգությունն այդ ժամանակ հանգեցրել է բողոքի մասսայական ակցիաների: Քաղաքում աճում էր դժգոհությունը ոստիկանության գործողությունների հանդեպ և օգոստոսի 22-ին՝ Բահրուզ Գաջաևի թաղումից հետո, հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել կենտրոնական փողոցներ, որտեղ ոստիկանական զորքերի հետ բախումներ էին տեղի ունեցել: Քաղաք էին բերվել ոստիկանության հատուկ ջոկատներ, ձերբակալվել տասնյակ մարդիկ: