Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի պնդմամբ՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում երեկ երեկոյան հրատապ կարգով կատարված փոփոխությունները հակասում են Սահմանադրության մի շարք դրույթների, հայտնում է azatutyun.am-ը։
Ըստ Սահմանադրության, Ազգային ժողովն ազատ է արձակվում, եթե վարչապետը հրաժարական է տալիս և 2 շաբաթում խորհրդարանը չի ընտրում նորին: Ընդ որում, դեռևս գործող «ԱԺ կանոնակարգի» համաձայն, ընտրության նիստը կհամարվի չկայացած՝ եթե անգամ պատգամավորների բացակայության պատճառով քվորում չապահովվի։
Երեկ կատարված փոփոխությամբ, մինչդեռ, եթե խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդհատված, քանի դեռ չեն վերացել այդ խոչընդոտները։
«Սա հակասում ա առաջին հոդվածին, որը հռչակում ա Հայաստանի Հանրապետությունը որպես ժողովրդավարական պետություն: Հակասում ա Սահմանադրության երկրորդ հոդվածին, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եթե վարչապետի էդ խնդիրը չլինի, տրամաբանորեն իրանք վատ բան չեն ասում, որ եթե մեր աշխատանքները խոչընդոտում են, պետք ա հետաձգվի և այլն: Բայց էդ խոչընդոտումը հենց վարչապետի ընտրության պահով ա ստեղծված, որպեսզի դա խափանի: Եվ բնականաբար, կարող ենք հիմնավորել, որ էդ դրույթին էլ ա հակասում Սահմանադրության», – «Ազատության» հետ զրույցում ասաց Այվազյանը:
Հանրապետական, «Ծառուկյան» և Դաշնակցություն խմբակցությունների համատեղ նախագիծը, որը երեկ փողոց դուրս բերեց տասնյակ հազարավոր մարդկանց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որակեց արտահերթ խորհրդարանական ընտրութունների դեմ ուղղված հակահեղափոխական քայլ։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ առաջիկա օրերին հրաժարական կտա ու գուցե նաև ժողովրդի աջակցությամբ ստիպի խորհրդարանին չընտրել նոր վարչապետ։
Սահմանադրական իրավունքի մասնագետի խոսքով, Սահմանադրությունը վարչապետի ընտրության հստակ ժամկետ է նշում, և «ԱԺ կանոնակարգ»-ում արված այդ փոփոխությունը չի կարող գերակա լինել․ – «Ժողովուրդը ցանկացած կերպ իրավունք ունի իրականացնել իր իշխանությունը: Եթե ժողովուրդը խաղաղ եղանակով ասում ա՝ հեռացեք, դուք իմ ներկայացուցիչը չեք․ վստահություն չունեք: Բնականաբար, ընդհուպ մինչև բռնություն գործադրելու իրավունք ժողովուրդը ունի: Այդ առումով ստեղ վարչապետին չի կարելի մեղադրել․ թե ինքը ճնշում ա գործադրում»:
Երեկ երեկոյան արտահերթ ռեժիմով ընդունված նախագիծն ուժի մեջ կմտնի, եթե 21 օրվա ընթացքում Հանրապետության նախագահը ստորագրի այն։ Նոր Սահմանադրությամբ նախագահը վետոյի իրավունք այլևս չունի, բայց նա կարող է նախագծի սահմանադրականության հարցով դիմել Սահմանադրական դատարան։
Վարդան Այվազյանի կարծիքով, նախագահը պետք է օգտվի իր այդ լիազորությունից․ – «Տակտիկական նկատառումներով ամենաճիշտ տարբերակը կլինի, եթե նախագահը օրինագիծը ստանալուց հետո 20-րդ օրը դիմի Սահմանադրական դատարան: Դրանով ինքը և՛ Փաշինյանին, և՛ ժողովրդին ահագին մանևրելու հնարավորություն կտա»:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տարածած իր ուղերձում կողմերին կոչ է արել լինել զուսպ և հանդուրժող՝ նշելով, որ հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ, հարցին կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ։