Հեղափոխության տրամաբանությունը և քաղաքական գործընթացները հուշում են, որ արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան։ Ամենաճիշտ տարբերակը կլիներ, որ այդ առաջարկությունը գար հենց Ազգային ժողովի ներսից։ «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր մեխանիզմները» խորագրով քննարկմանը հայտարարել է Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը։
«Եթե հանրապետական կուսակցությունը կարողանում է ճիշտ վերլուծել իրավիճակը, տիրապետում է իրավիճակին, պիտի հասկանա, որ էդպիսի առաջարկը կարող էր ինչ֊որ տեղ երաշխիքներ ստեղծել, որ հաջորդ խորհրդարանում ինքը կհայտնվի․․․ բայց ես կարծում եմ, որ սա կլինիկական մահը ձգելու ցանկություն է, պարզ է, որ թելադրված ինչ֊որ կետից, հասկանալի է, թե ովքեր կարող են լինել էդ թելադրողները»,֊ ասել է Մարտիրոսյանը։
Քննարկման ընթացքում բանախոսները մասնավորապես անդրադարձել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների մեխանիզմներին, ինչպես նաև ներկայացրել կարծիքներ, թե ինչու դրանք պետք է անցկացվեն այս տարվա դեկտեմբերին, ոչ թե հաջորդ տարի։
«Կարծում եմ, որ ինչքան շուտ խորհրդարանի կառուցվածքը համապատասխանեցվի հանրության կամքին, այնքան լավ մեր երկրի համար՝ և՛ տնտեսական, և՛ հասարակական, և՛ քաղաքական և քաղաքագիտական տեսանկյուններից»,֊ասել է Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու համար մի քանի պատճառ է մատնանշել․ «Դրա համար կան մի քանի կարևոր գործոններ․ այն քրեական գործերը, որոնք ուղղված են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմանը, բավական լուրջ խոչընդոտների են հանդիպում»։
Ըստ բանախոսի՝ ԱԺ մեծամասնության կողմից օրենսդրական փոփոխությունների նախաձեռնության նպատակը ևս խորհրդարանական արտահերթ ընտրություններ հետաձգելն էր․ «Որովհետև մեկ տարվա ընթացքում իրավունք չունեն վարչապետին անվստահություն հայտնեն, մեկ տարի հետո, մյուս տարվա մայիսին ունեին հնարավորություն անվստահություն հայտնելու կամ այդ գործընթացը սկսելու և անհապաղ։ Այդ «անհապաղ»֊ը շատ զարմանալի չի, որ Սահմանադրության մեջ դրված է Սերժ Սարգսյանի հովանու ներքո, որ ցանկացած իրավիճակում իրենք անհապաղ գործելու հնարավորություն ունենան։ Ժողովրդավարական պետության մեջ անհապաղ չեն գործում, միայն պատերազմի, արտաքին վտանգների դեպքում, ներքին իրողությունների ժամանակ անհապաղությունը նշանակում է արտակարգ ռեժիմ»։
Սա էլ, ըստ Սաքունցի, երկրորդ պատճառն է արտահերթ ընտրությունները դեկտեմբերին, ոչ թե մյուս տարի անցկացնելու համար․ «Հասկանալի է, որ չպետք է իրենց այդ շանսը տրվի, եթե մենք ուզում ենք այլևս նման իրավիճակներում չհայտնվել, ոչ միայն էտեղ հայտնվենք, այլև քրեակատարողական հիմնարկներում․․․
Լինելու է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ դա է մեր պահանջը, որպեսզի իրենք չկարողանան իրավական մանիպուլացիաների միջոցով վերադառնան իշխանության, որը ժողովուրդը չի ուզում, ինչը պարզեցինք այդ խայտառակ քվեարկության օրը, թե ինչպես 20 րոպեի ընթացքում հավաքվեցին Ազգային ժողովի մոտ»,֊ եզրափակել է նա։