հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Փաշինյան․ Մարդասպաններին համաներել չի կարելի, «ծռերի» դեպքն ուրիշ է

Փաշինյան․ Մարդասպաններին համաներել չի կարելի, «ծռերի» դեպքն ուրիշ է

«Ես կարծում եմ, սկզբունքորեն, որ մարդ սպանելու համար դատապարտված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի, բայց ես կարծում եմ, որ մենք իսկապես պետք է աշխատեցնենք պայմանական վաղաժամկետ ազատելու մեխանիզմը, պատժաչափերը փոխելու մեխանիզմը, ներման մեխանիզմը», – այսօր լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համաներման շուրջ ծավալված քննադատություններին։

«Համաներման վատն ինչ է, որ ինքը անհատական մոտեցում չի ցուցաբերում, ընդհանրական մոտեցում է ցուցաբերում։ Եվ այս առումով մենք կաշխատենք, որ գործերը հատ-հատ նայվեն նորից», – ասել է Փաշինյանը։

Խոսելով «Սասնա ծռեր» խմբի՝ համաներմամբ ազատ արձակվելու և այն մասին, թե արդյո՞ք դա նախատեպ չի ստեղծի, վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է․ «Ես կարծում եմ հետևյալը և եկեք այսպես պայմանավորվենք, որ Հայաստանի Հանրապետությունում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի։ Ուզում եմ, որ իմ դիրքորոշումը հստակ լինի, ինչպես իմ դիրքորոշումը եղել է երկու տարի առաջ, նույնը՝ բռնության գործադրումը քաղաքականության մեջ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության։ Ընդ որում, այս խնդրի հետապնդումը սկսվելու է հայտարարությունների մակարդակից, նախապատրաստությունների մակարդակով, էլ չեմ ասում՝ մենք չպետք է թույլ տանք, որ որևէ բան հասնի իրագործման մակարդակի։ Ես հասկանում եմ, որ մենք հիմա անցումային շրջանում ենք, բայց, համենայնդեպս, քանի ես Հայաստանի վարչապետ եմ, բռնության գործադրման որևէ փորձ քաղաքական պրոցեսների մեջ արժանանալու է ամենակոշտ, շատ ավելի կոշտ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել, հակազդեցության՝ իհարկե օրինական։

Իսկ ինչու է համաներումը տարածվում նրանց վրա։ Որովհետև կարծում եմ, որ դա անհրաժեշտ է հանրային համերաշխությունը վերականգնելու և մեկնարկային կետ արձանագրելու համար»։