«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել բանտում ուղիղ 5 տարի անցկացրած քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը։
2013 թվականի հոկտեմբերի 31-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն Ազատության հրապարակում հայտարարեց իր պայքարի մեկնարկը։ Հարությունյանը նշում էր, որ պատրաստվում է հեղափոխություն անել՝ երկիրը հանցագործներից ազատագրելու համար։ Նոյեմբերի 5-ին նախաձեռնած երթից առաջ նա ընդգծեց, որ իր հեղափոխության ընթացքում մարտական զենք չի օգտագործելու, հեղափոխությունը կուսակցական չէ և իրեն կարող է միանալ յուրաքանչյուր ցանկացող։
Հայաստանը միայն հեղափոխական միջոցներով կարող է նորմալ երկիր դառնալ, Epress.am֊ի հետ զրույցում ասել էր Հարությունյանը, ով այդ օրերին հայտարարել էր, որ սկսում է իր՝ «արժեքների հեղափոխությունը»:
Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտա դուրս գալուց հետո քաղաքացիական հագուստով անհայտ անձինք սադրանքների դիմեցին, Շանթ Հարությունյանի համախոհների ու այդ մարդկանց միջև ծեծկռտուք սկսվեց։ Ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի տասնյակ մարդու, հետագայում նրանցից 14 կանգնեցին դատարանի առջև։
Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։ Դատապարտյալները չէին ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրենք են հրահրել ընդհարումը։ Մի շարք տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական ուժեր Հարությունյանին և ընկերներին ճանաչել են քաղբանտարկյալ: