«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը կարծում է, որ վարչապետի՝ ԱԺ ամբիոնից արված՝ պատմամշակութային հուշարձան հանդիսացող Արամի 23 հասցեում գտնվող շենքի մասին հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի «մտերիմ շրջապատի» կողմից հեղինակած տգեղ քայլի հետևանք էր։
«Նա ասաց, որ այնտեղ խնդիր կա Հին Երևանի հետ, շենքը պետք է երկու մետր տեղափոխել, այ որ շենքը երկու մետր տեղափոխենք, բոլոր հարցերը կլուծվեն, կլուծվեն և՛ Կոնդի, և՛ Ֆիրդուսու խնդիրները, կլուծվի փողոցում մնացած բազում քաղաքացիների՝ հենց «Հին Երևան»֊ի իրացման պատճառով, միայն օրենսդրական խնդիր կա, էդ էլ որ լուծենք, խնդիրը կլուծվի․․․ Մեկ էլ ղարաբաղյան հարցն էդ երկու մետր տեղափոխելով կլուծվի», ֊ նոյեբերի 7-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում հեգնել է Հեքեքյանը։
Արամի 23 հասցեում գտնվող 1880-ականներին կառուցված երկհարկանի շենքը 1995 թվականին հատկացվել է«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկապատանեկան երգչախմբին։ Երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանը բազմիցս հայտարարել էր, որ «Հին Երևան» նախագծի շրջանակներում կառուցապատում իրականացնող շինարարական կազմակերպության աշխատանքների հետևանքով շենքի հիմքերն այնպես են խարխլվել, պատերն իրարից առանձնացել են։ Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունն արգելել է այս տարածքում աշխատել։
Փաշինյանի դեմ արված «տգեղ քայլի» վերաբերյալ իր կարծիքը նա հիմնավորում է նրանով, որ այդ խոսքերը բազմիցս հնչել են հակառակ կողմի՝ վերակառուցողի, և նախկին գլխավոր ճարտարապետի կողմից։
«Նիկոլ Փաշինյանի ելույթից 8 օր առաջ և Մեսչյանի մոտ հանդիպումից մեկ օր առաջ եկել էին վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, որոնք նույն բառերն էին ասում ինձ։ Ես, իհարկե, կասեի, որ չիմացությունից է, թյուրիմացություն է։ Ես ամեն ինչ մանրամասն, ինչպես երեխաների, բացատրել եմ՝ ինչու դա չի կարող լինել, բերել եմ օրենքներ, ցույց եմ տվել, որ օրենքն արգելում է դա։
Ես կարծում եմ, որ սա հանցավոր պայմանավորվածություն է մյուս կողմի հետ, որը նախկին իշխանության մնացուկն է, որոնք նախկին իշխանության թողտվության հետևանք են, որոնք դեռ չեն հասկացել, որ երկրում իրավիճակ է փոխվել և կարողացել են ճանապարհներ գտնել դեպի Նիկոլ Փաշինյանը և այս ապատեղեկատվությունը փոխանցել մեզ համար, հանրության համար շատ ընդունելի և սիրված վարչապետին՝ դնելով իրեն ուղղակի շատ վատ վիճակի մեջ, արջի ծառայություն են մատուցել», – ասել է բանախոսը։
Ինչ վերաբերում է Երևանի գլխավոր ճարտարապետի՝ պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ երեկ արված հայտարարությանը, երգչախմբի գեղարվեստական ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արթուր Մեսչյանին։ Վերջինս, մասնավորապես, ասել էր․«Երևանում այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու, քանի դեռ ես քաղաքի գլխավոր ճարտարապետն եմ։ Դա վերաբերում է և՛ Արամի 23֊ին, և՛ բոլոր այն հուշարձաններին, որոնք գտվնում են Հին Երևանի տարածքում»։
Գլխավոր ճարտարապետի նման հայտարարությամբ հանդես գալը Հեքեքյանը փորձել է բացատրել՝ հիշատակելով նախորդ իշխանությունների ժամանակ ակտիվ գործող քրեածին էլեմենտները, որոնք, ըստ նրա, ինչ ուզել, արել են և չեն պատժվել․ «Դրանք առ այսօր պայքարում են շենքի քանդման համար»։
Այս համատեքստում նա խոսել է նաև Մեսչյանի անցկացրած վերջին խորհրդակցությունից, որին, մասնավորապես, մասնակցում էին վարչապետի աշխատակազմի, քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներ։ «Այնտեղ էլ շատ համառորեն բոլորն ասում էին, որ իմաստ չկա վերականգնել այս շենքը, որովհետև միևնույնն է, պետք է քանդվի։ Եվ երևի պետք էր այսպիսի քաղաքական հայտարարություն, որ բոլորը հանգստանան»։