հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Եկեղեցի / ՀԿ-ների մասին նոր օրինագծից տոտալ վերահսկողության հոտ է գալիս

ՀԿ-ների մասին նոր օրինագծից տոտալ վերահսկողության հոտ է գալիս

Հասարակական կազմակերպությունները մտահոգված են․ Պետեկամուտների կոմիտեի կողմից մշակվող նոր օրինագիծը կարող է պետության կողմից վերահսկողության լրացուցիչ գործիք դառնալ։

Երբ 2018 թվականին ՊԵԿ֊ը հրապարակեց ՀԿ֊ների հաշվետվության ձևը, դրա մեջ տարընթերցումներ կային, որոնք կապված էին նաև օրենքի կարգավորումների հետ, նոյեմբերի 8-ին կայացած քննարկմանը հայտարարել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը։

«Չի կարելի ասել, որ նախագիծը եկավ այս տարընթերցումներին լուծում տալու կամ փարատեցին ՀԿ֊ների մտավախությունները։ Նախագիծը մեզ հիշեցնում է 2014 թվականի այն նախնական նախագիծը, որի դեմ ըմբոստացան ՀԿ֊ները՝ բարձր հաշվետվողականության պատճառով։ Ոչ թե նրա համար, որ ՀԿ֊ները չեն ուզում լինել հաշվետու կամ թափանցիկ գործել, այլ կա հստակ տարանջտում՝ արդյոք բոլոր ՀԿ֊ները պետք է լինեն հաշվետվություն հրապարակող, և երբ այս՝ հաշվետվություն հրապարակելու բեռը դրվում է ՀԿ֊ների վրա, ի՞նչ նպատակ է հետապնդվում պետության կողմից։ Արդյոք նպատակն այդքան ծանրակշիռ և լուրջ է։ Օրինակ, azdarar.am-ում հաշվետվություն հրապարակելը ծախս արժե։ Բոլոր ՀԿ֊ներն ունե՞ն այդ հնարավորությունը»։

Նկատելով, որ օրինագծի հեղինակն էր Արդարադատության նախարարությունը, Տիգրանյանն ասել է, որ միայն երկրորդ և երրորդ ընթերցումների ընթացքում է Պետեկամուտների կոմիտեն ճանաչվել նախագծի լիազոր մարմին, «ինչն արդեն մտավախություն առաջացրեց ՀԿ-ների մոտ, որովհետև ՊԵԿ֊ը միշտ դիտարկվում է որպես, կներեք, հարկային պատժիչ մարմին»։

ՊԵԿ-ի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի խոսքով՝ օրինագիծը նպատակ ունի բացառել գործող օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները։ «Հիմնական շեշտադրումը կայանում է նրանում, որ ներկայումս գործող օրենքով հասարակական կազմակերպությունները պարտավոր են յուրաքանչյուր տարի իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություն հրապարակել, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները»։

Այդ դրույթը կիրառելու ժամանակ, ասել է Մնացականյանը, հարց հնչեց՝ որն է համարվում հանրային միջոց, արդյոք այն վերաբերում է այն իրավաբանական անձի կողմից տրամադրված միջոցին, որն, օրինակ, պետական գնումների շրջանակներում որոշակի ծրագիր է իրականացրել և ստացել հանրային միջոց, այնուհետև գումարները տրամադրել հասարակական կազմակերպությանը․ «Հասարակական կազմակերպությունը տվյալ դեպքում պե՞տք է հաշվետվություն հրապարակի, թե՝ ոչ»։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության իրավաբան Արտյոմ Մեսրոպյանը խոսել է նախագծի շատ դրույթների խնդրահարույց լինելու մասին․ «Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ տարընթերցումները պետք է բացառվեն, ու այն հասարակական կազմակերպությունների հաշվետվողականությունն ապահովելու նպատակ է հետապնդում։ Բայց իրականում օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ ո՛չ միայն հաշվետվողականութունն է ՀԿ-ների գործունեության սկզբունք, այլ նաև ինքնակառավարումը»։ Ներկայացված նախագծով, բանախոսի կարծիքով, խաթարվում է հասարակական կազմակերպությունների ինքնակառավարման սկզբունքը։

«Ըստ նախագծի՝ այսուհետ ՀԿ֊ները հաշվետվություն են ներկայացնելու ո՛չ միայն հանրային դրամական միջոցների մասով, այլ ամբողջ գործունեության մասով։ Մինչդեռ, գործող կարգավորումների համաձայն, հաշվետվությունը ներառում է միայն հանրային դրամական միջոցների մասով [հաշվետվություն]։ Փաստորեն, էստեղ պետական լիազոր մարմինը լրացուցիչ հնարավորություններ է ստանում՝ միջամտելու հասարակական կազմակերպությունների գործունեությանը», – եզրակացրել է Մեսրոպյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի համոզմամբ՝ օրինագիծը հակասում է ժողովրդավարական պետությունում քաղաքացիական հասարակություն-պետություն հարաբերությունների սկզբունքին։ Միայն ավտորիտար պետությունում է իշխանությունը փորձում տոտալ հսկողություն սահմանել կյանքի բոլոր բնագավառների նկատմամբ, կարծում է իրավապաշտպանը։

«Իշխանությունը պետք է հաշվետու լինի հանրությանը և ո՛չ թե հանրության ինչ-որ սեգմենտներ հաշվետու լինեն իշխանությանը։ Հասարակական կազմակերպությունները ֆինանսական միջոցների հաշվետվությունն արդեն իսկ ներկայացնում են հարկային մարմիններին։ Մեր ամբողջ ֆինանսական գործունեությունը՝ բոլոր պայմանագրերով, եկամտահարկով, աշխատակինցերի ցուցակներով, կենսաթոշակային վճարումներով», – ասել է Սաքունցը՝ նկատելով, որ տվյալ հաշվետվության իմաստը բացարձակապես հիմնավորված չէ։

Նա հետաքրքրվել է նաև՝ ինչո՞ւ նույն հարցը չի տրվում Հայ առաքելական եկեղեցուն, որը ևս դրամաշնորհ է ստանում և բիզնես իրականացնում․ «Ի՞նչն է այս խտրական մոտեցման պատճառը։ Որոշում կայացրեք, օրենքի մեջ փոփոխություն մտցրեք թե՛ գույքահարկի, թե՛ եկամտահարկի, թե՛ ԱԱՀ, թե՛ շրջանառության հարկի․․․ Սա համարում եմ նաև խտրական մոտեցում»։