«Մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգը, որ նրանք, աշխատանքը խրախուսելու փոխարեն, խրախուսել են աղքատությունը»: Նոյեմբերի 13-ին Ազգային Ժողովի ամբիոնից ելույթ ունենալիս, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ադրադարձել է իր թիմի հասցեին հնչող քննադատությանը, համաձայն որի, իրենք ժողովրդին մեղադրում են ծուլության և չաշխատելու մեջ:
«Քավ լիցի: Այս մասին ես խոսել եմ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո արդեն երևի տասնյակ անգամ: Մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգը, որ նրանք աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել են աղքատությունը: Մարդուն ասել են՝ այ դու աղքատ ես, աղքատության նպաստ ես ստանում, դու ավելի լավ է մի աշխատի, որովհետև հենց որ աշխատես, մենք քեզ աղքատության նպաստից կզրկենք: Մեր հարցը հետևյալն է՝ մենք ինչի ենք աշխատունակ մարդուն ընդհանրապես նպաստ տալիս», – ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց քաղաքականությունն ուղղվելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն՝ պայմանով, որ եթե նա աշխատի, այդ նպաստից զրկվելու է, այլ նշված օգնությունն ավելի թիրախային կտրամադրվի: «Օրինակ՝ երեխայի: Այսինքն, նպաստառուն պետք է լինի ոչ թե երեխայի աշխատունակ հայրը, որն աշխատելու պարագայում կզրկվի այդ նպաստից, այլ շահառուն պետք է լինի երեխան: Մենք պետք է նրան օգնենք և չդնենք պայման՝ եթե քո հայրն աշխատի, մենք քեզ կզրկենք էդ օգնությունից»:
Այսպիսով, ասաց պաշտոնակատարը, կառավարության քաղաքականությունը կա և լինելու է աշխատանքի խրախուսումը. «Մենք մեր քաղաքացիներին քաջալերելու ենք, որ նրանք վեր կենան, ուղղեն իրենց մեջքը, հավատան իրենց ուժերին, որ, այո, իրենք կարող են արդյունք ստեղծել, եվ մենք մեր քաղաքացիներին պետք է կոչ անենք. քաջալերենք, որ նրանք իրենց աղքատության ու հուսահատ վիճակի հետ չհամակերպվեն և ձեռնարկեն կոնկրետ քայլեր այդ վիճակը հաղթահարելու համար, իհարկե, ստանձնելով և ճանաչելով կառավարության պարտավորությունը որոշակի ճանապարհ և հնարավորություններ ստեղծելու համար»: