Նոյեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հանրապետականների օրենսդրական նախաձեռնությանն՝ Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունն օրենքով ապահովելու համար վերջինիս թիկնազոր տրամադրել, հիշել է ԼԳԲՏ համայնքը։
«Հիմա այն օրենքը, որ ուզում էին ընդունել, կոչվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության մասին օրենք: Հիմա մենք համարում ենք, որ կաթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա՞ է: Մենք համարում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ մենք ասենք, որ մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, հիմա անհրաժեշտություն է առաջացել, որ նա թիկնազորո՞վ շրջի: Այդ մարդիկ մտածում են, որ դրանով եկեղեցու հեղինակությա՞նն են ծառայո՞ւմ», – հարցրել է Փաշինյանը։
Հիշեցնելով, որ օրինագծի չընդունվելուց հետո հանրապետական պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը, նա հարցրեց՝ ինչո՞ւ տվյալ նախաձեռնությունը չէր ընդունվել անցած տարիների ընթացքում իրենց իսկ՝ հանրապետականների կողմից․ «Բա էդ ո՞ւմ իշխանության տարիներին էին ձեր իսկ նշած աղանդները տարածում գտել Հայաստանում, թե՞ 6 ամսվա ընթացքում է այդ ամենը տեղի ունեցել»:
Այս համատեքստում էլ նա հիշատակեց ԼԳԲՏ համայնքի մասին խոսակցությունների ակտիվացումը՝ ասելով, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները չեն պատասխանում հարցին՝ ի՞նչ է պետք անել, երբ որևէ մեկը հայտնում է տվյալ համայնքին պատկանելության մասին․ «Միաժամանակ չեն պատասխանում կոնկրետ մի հարցի․ երբ ՀՀ որևէ քաղաքացի հայտարարում է, որ ես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ եմ, մենք ի՞նչ պետք է անենք իրեն: Ասեք՝ սպանում ենք, գնդակահարում ենք, քառատում ենք, բանտ ենք նստեցնում, արտաքսում ենք Հայաստանից։ Այսինքն, մինչև մայիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի՞ եղել»:
Նա նաև հիշել է «ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանը»՝ 2000-ականները, երբ հրապարակվել էր տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակը, որոնք «ունեն այլ սեռական կողմնորոշում»․ «Այդ ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը»։