Տարբեր երկրներում կարող են զեկուցել կիսակառույց շինությունների շինարարության ավարտի մասին։ Ռուսաստանն այս հարցում մեծ փորձ ունի դեռևս խորհրդային ժամանակներից։ Թուրքիան ևս զուրկ չէ դրանից։ Վերջերս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազգային տոնի հետ կապեց Ստամբուլի նոր օդանավակայանի հանդիսավոր բացումը, որը թեպետ կարող է ամբողջ ուժով աշխատել միայն երկու ամիս անց:
Սակայն այժմ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ, կարծես, յուրօրինակ ռեկորդ է սահմանել։ Նոյեմբերի 19-ին Ստամբուլում, 4000-անոց սրահում հանդիսավոր արարողություն են կազմակերպել «Թուրքական հոսքի» օֆշորային հատվածի կառուցման ավարտի կապակցությամբ հրճվող բազմության մասնակցությամբ, չնայած գազամուղը շահագործման կհանձնվի մեկ տարի անց։
Չէ որ Թուրքական այդ տարածքում դեռևս պետք է կառուցվի անհրաժեշտ ենթակառուցվածք՝ գազի ստացման և հետագա տեղափոխման համար, որը 2019թ․ վերջից կացնի Սև ծովի ստորին հատվածում գտնվող խողովակների միջով: Ստացվում է, որ երկու շատ զբաղված պետությունների ղեկավարներն ժամանակ են գտել՝ տոնելու թռիչքուղու կառուցման փաստը, մինչդեռ, օդանավակայանի շենքը դեռ չի էլ կառուցվել:
Ինչու են Էրդողանն ու Պուտինը ցանկացել փիառվել անավարտ շինարարության ֆոնին՝ հասկանալի է: Թուրքիայում տեղապտույտ է տվել տնտեսության լայնածավալ զարգացման մոդելը, լիրան արժեզրկվել է, գնաճի տեմպերը հասել են աղետալի 25 տոկոսի։ Նման իրավիճակում Թուրքիայի նախագահը ուրախ է ամեն առիթի՝ ցուցադրել իր հաջողությունները տնտեսությունում և արտաքին քաղաքականության մեջ:
ՌԴ նախագահին այժմ նույնպես պետք են հաղթանակներ: Բացի դա, «Թուրքական հոսք»֊ն ու «Հյուսիսային հոսք-2»֊ը նրա ամենասիրելի ծրագրերն են։ Այս երկու գազատարների հիմնական նպատակն է դադարեցնել կամ առնվազն նվազագույնի հասցնել անհնազանդ Ուկրաինայի միջով տարանցումը, և, ի դեպ, դա անել մինչև 2019 թվականի վերջը, երբ լրանում է Կիևի հետ համապատասխան տասնամյա պայմանագրի ժամկետը:
Այս նպատակին հասնելու համար ռուսական «Գազպրոմ» կոնցեռնը գումար չի խնայում։ Այսպես, Սիբիրից երկու անգամ ավելի շատ խողովակ է դրել Ռուսաստանի Սև ծովի ափին, քան հիմա պետք կգա, չէ որ նախապես ամբողջովին այլ գազատար էր նախատեսվում` «Հարավային հոսք», որը բաղկացած էր չորս գծից` տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր գազի ընդհանուր հզորությամբ։
Հարավային հոսքով ռուսական գազը պետք է գնար դեպի Բուլղարիա և այնտեղից` դեպի Եվրամիության այլ երկրներ: Այնուամենայնիվ, նախագիծը չի համապատասխանում ԵՄ չափանիշներին, բացի այդ, այն ունեցել է ազդեցիկ հակառակորդներ Միացյալ Նահանգներում: Սակայն, փոխզիջման և բանակցությունների փոխարեն, Էրդողանի հետ հանդիպումից հետո 2014 թ. վերջերին զայրացած Պուտինը պարզապես փակեց նախագիծը և վերափոխեց բոլոր չորս ուղիները դեպի Թուրքիա:
Այնուամենայնիվ, ինչ-որ պահի Էրդողանը որոշեց, որ ռուսական գազի՝ այդ ծավալով թուրքական տարածքով տարանցումն իր շահերից չի բխում (անհանգստացա՞վ Մոսկվայից չափազանց մեծ կախվածությունով), իսկ այդ ընթացքում «Թուրքական հոսք» անվանումը ստացած նոր գազամուղը երկու գծով կրճատվեց։ Դրա հետ մեկտեղ Թուրքիայի նախագահը հմտաբար գազի համար զեղչեր կորզեց։
Արդյունքում, «Գազպրոմի» առանց այն էլ շատ թանկ նախագծի նախնական գնահատումը վերածվեց թղթի թափոնների, այնպես որ, նույնիսկ ամենամիամիտները սկսեցին կասկածի տակ առնել դրա շահութաբերությունը։
Բայց սա դեռ ամենը չէ։ Թուրքական ափին հասցրած այդ երկու գծերից միայն մեկի՝ 15,75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ, իրացումն է երաշխավորված: Դրանով մատակարարվող գազը կգնի թուրքական «Botas» ընկերությունը՝ Թուրքիայի արևմտյան և եվրոպական մաս մատակարարելու համար։ Տարիներ շարունակ այս տարածաշրջանը ռուսական գազ է ստացել Ուկրաինայով, Մոլդովայով, Ռումինիայով և Բուլղարիայով: Այժմ այն կստանա բոլորովին նոր խողովակով՝ անմիջապես ծովով: Ո՛չ տարանցիկ ռիսկեր կունենաս, ո՛չ էլ՝ տարանցիկ տուրքեր։
Այնպես որ, տնտեսական տեսանկյունից «Թուրքական հոսքից» առավելապես շահում է ինքը՝ Թուրքիան, և Էրդողանը խորամանկելու համար ուրախանալու բոլոր հիմքերն ուներ։ Չնայած մեկ խողովակը մյուսով փոխարինելն այնպիսի հաղթանակ, ինչպիսին նա այդ ամենը ներկայացրեց Ստամբուլում արարողության ժամանակ, ամեն դեպքում, չի կարող լինել։ Նա բլեֆ էր անում։ Բայց Պուտինն ավելի մեծ բլեֆ էր անում։ Չէ որ այս պահին «Թուրքական հոսքի» 2-րդ գիծը, որը նախատեսված էր գազ հասցնել Եվրամիության երկրներին և որոշ չափով լավացնել ծախսատար խողովակաշարի ֆինանսական ցուցանիշները, դեռևս ոչ մի տեղ չի տանում և 2019թ․ վերջին կարող է չպահանջված դուրս գալ։
Դեռևս պարզ չէ, թե որ ուղղությամբ և որ խողովակով է «Գազպրոմ»֊ը մտադիր ԵՄ հասցնել մոտ 16 մլրդ խորանարդ մետր գազ։ 2014 թվականի վերջին և 2015 թվականի սկզբին ռուսական կոնցեռնի ինքնավստահ ղեկավար Ալեքսեյ Միլլերը գրեթե վերջնագրի ձևով պահանջում էր եվրոպական գործընկերներից հնարավորինս շուտ ինքնուրույն կառուցել Հունաստանով Իտալիա տանող խողովակաշարը։ Բայց դա տեղի չի ունեցել, և նման կարճ ժամանակահատվածում տեղի չի էլ ունենա:
Այնպես որ արևմտյան ուղղությամբ համարժեք խողովակ հաստատ չկա: Միակ այլընտրանքը դեպի հյուսիս՝ Բուլղարիա տանելն է, իսկ այնտեղից՝ եղած կամ դեռ կառուցվելիք խողովակաշարերով գազ մատակարարել դեպի Ռումինիա, Հունգարիա, Ավստրիա և / կամ դեպի Սերբիա ու Արևմտյան Բալկաններ:
Ահա և ստացվում է, որ «Գազպրոմը» և Պուտինը՝ կորցնելով չորս տարի և միլիարդավոր դոլարներ, վերադարձել են այն կետին, որտեղ ժամանակին ավարտվել էր «Հարավային հոսքի» պատմությունը: Նրանք կրկին ստիպված կլինեն պայմանավորվել Բուլղարիայի հետ և փոխզիջումների գնալ Եվրամիության հետ:
Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների համար «Թուրքական հոսքի» ռուսական գազն ամենևին էլ ավելորդ չի լինի, բայց Մոսկվան էլ այն իրավիճակում չէ, որ պնդի իր պայմանները և մատակարարման երթուղիները: Ստիպված կլինեն ընդունել Եվրամիության գործընկերների առաջարկածը, այլապես երկրորդ գիծն այպես էլ դատարկ ու անպետք կմնա։ Ստամբուլում ճոխացրած արարողությունը ռուսաստանցիներին հենց այս տխուր հանգամանքից պետք է շեղեր։
Անդրեյ Գուրկով,
Deutsche Welle-ի տնտեսական վերլուծաբան