«Նման թղթեր ինձ չուղարկեք, որովհետև այլևս չկա անվտանգության ծառայության նկատմամբ իմ նախկին վերաբերմունքը։ Կուղարկեք ծանուցագիր, կարող եք ձերբակալել, կամ կալանքի օրդեր»։ ԱԱԾ հրավիրված Ազգային անվտանգության նախկին ղեկավար, ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ դեկտեմբերի 5-ին ժամը 13-ին որոշել էր ներկայանալ ծառայություն, բայց քանի որ դրանից առաջ ԱԱԾ-ն հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ, ինքը մտափոխվեց։
«Այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են, որոնք պետության հետ ոչ մի կապ չունեն և պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը։ Այո, սա քաղաքական հետապնդում է՝ ուղղված ոչ միայն իմ դեմ։ Սա փորձ է վախեցնել այն մարդկանց, և դրանց թիվը շատ մեծ է, որոնք պատրաստվում են քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին», – ասում է Շահնազարյանը «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս մեկնաբանել էր Շահնազարյանին՝ ԱԱԾ հրավիրելու փաստը՝ ասելով, որ քանի որ Շահնազարյանն իրեն մեղադրում է դավաճանության մեջ, Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ուսումնասիրի այդ հայտարարությունները։
«Ինքն ասում էր, որ կա դավադրություն Արցախի դեմ, ասում էր, որ հեղափոխությանն օգնել են ուժեր, գործել է «իշխանություն Արցախի դիմաց» բանաձևը, ճի՞շտ է։ Այսինքն՝ մեղադրել է մեզ ինչ֊ինչ ուժերի հետ միասին դավադրություն կազմակերպելու մեջ՝ ըննդեմ Արցախի և, ըստ էության, ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ընդդեմ հայ ժողովրդի։ Ի՞նչ պետք է անի Ազգային անվտանգության ծառայությունը։ Պետք է նյութեր նախապատրաստի և պարզի, որ եթե հեղափոխությունը տեղի է ունեցել այդպես, բոլոր այդ դավադիրներին պետք է հայտնաբերի և պատասխանատվության ենթարկի։ Մարդիկ պետք է հստակ իմանան՝ կա դավադրությո՞ւն, թե՞ կա պարզապես ստախոսություն», – մասնավորապես, նշել է Փաշինյանը։