Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների ժամանակ: Այս մասին ասված է միջազգային դիտորդների (ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողով (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարան (ԵԽ)) համատեղ հայտարարության մեջ։
«Քաղաքական բաց բանավեճը, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել: Կանխամտածված ընտրախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունը իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել: Քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է կարգավորման, հաշվետվողականության և թափանցիկության պակասի պատճառով: Չնայած կարճ ժամկետների՝ ընտրությունները լավ էին կազմակերպված: Ընտրությունների օրն ընթացել է հանգիստ և խաղաղ, որի բոլոր փուլերը դրական են գնահատվել ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության (ԸՄԴԱ) գրեթե բոլոր դիտորդների կողմից, ովքեր նաև նշել են ընթացակարգերի հետ ընդհանուր համապատասխանության մասին», ֊ ասված է հայտարարության մեջ:
Միջազգային դիտորդները նշում են, որ, չնայած կարճ ժամկետներին, Կենտրոնական ընտրական հանձաժողովն (ԿԸՀ) ընդհանուր առմամբ իր աշխատանքը կատարել է թափանցիկ կերպով և մասնագիտորեն, և պահպանել բոլոր օրենքով նախատեսված ժամկետները: Ընտրությունների նախապատրաստական շրջանում ԿԸՀ-ն և Տարածքային ընտրական հանձնաժողովները (ՏԸՀ) վայելել են ընտրական գործընթացի շահառուների վստահությունը և անցկացրել բաց նիստեր:
«Մրցակիցները կարողացել են ազատորեն իրականացնել իրենց քարոզարշավները. քարոզարշավի ընթացքում լիովին պահպանվել են միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտվելու և տեղաշարժի հիմնարար ազատությունները:
Պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը եղել է շատ կարճ, սակայն քարոզչությունը սկսել է ավելի վաղ՝ ինչն արգելված չէ օրենքով: Քարոզարշավի ժամանակ սոցիալական ցանցերում նկատվել է որոշ մրցակիցների միջև ապատեղեկատվության տարածում, ինչպես նաև սադրիչ մտքերի փոխանակում: Վարչական ռեսուրսի չարաշահումը և պետական հատվածի աշխատակիցների վրա ճնշումների գործադրումը կանխելու համար իշխանությունները իրազեկել են տեղական պաշտոնյաներին, դպրոցի տնօրեններին, առողջապահության ոլորտի աշխատակիցներին և այլ անձանց համապատասխան արգելքների մասին: ԸՄԴԱ շատ զրուցակիցներ մատնանշել են իշխանությունների, մրցակիցների և հենց ընտրողների մոտ առկա քաղաքական կամքը՝ թույլ չտալու ձայների առք ու վաճառքի կիրառում: Դրական է այն, որ ընտրական շահառուների կողմից չեն եղել հաղորդումներ ընտրակաշառքի և ընտրական այլ խախտումների համակարգային փորձերի մասին», ֊ ընդգծում է ԸՄԴԱ֊ն։
Միջազգային դիտորդներն անդրադարձել են նաև կին թեկնածուների մասնակցությանը՝ նշելով, որ, չնայած թեկնածուների բոլոր ընտրացուցակներն ապահովել են 25 տոկոս գենդերային քվոտայի պահանջը, այդ քվոտան, այնուամենայնիվ, չի երաշխավորում խորհրդարանում կանանց նույն ներկայացվածությունը, քանի որ մանդատների կեսը բաշխված է ըստ վարկանշային քվեների:
«Կուսակցությունները հազվադեպ են ընդգրկել կին թեկնածուներին իրենց քարոզարշավներում. կանայք հատուկենտ դեպքերում են անցկացրել ինքնուրույն քարոզարշավներ և դիտարկված հանրահավաքներում հազվադեպ են հանդես եկել ելույթներով: Որոշ կին թեկնածուներ դարձել են նվաստացուցիչ հռետորաբանության թիրախ՝ իրենց սեռային պատկանելության պատճառով», ֊ ընդգծել են դիտորդները:
Ընտրությունների օրն անցել է հանգիստ, խախաղ, առանց ընտրողների հանդեպ ճնշումների և ահաբեկումների, և դրական է գնահատվել ԸՄԴԱ գրեթե բոլոր դիտորդների կողմից: ԸՄԴԱ գրեթե բոլոր դիտարկումներում ընտրատեղամասերի բացումը ստացել է դրական գնահատական, ընտրատեղամասերն ընդհանուր առմամբ բացվել են ճիշտ ժամանակին: Քվեարկությունը դրական է գնահատվել 99 տոկոս դիտարկումներում: Ձայների հաշվարկը դրական է գնահատվել դիտարկված բոլոր ընտրատեղամասերում, բացի երկուսից:
Դիտորդներն, այնուամենայնիվ, նշում են, որ զգալի թվով ընտրատեղամասեր (71 տոկոս) հասանելի չեն եղել տեղաշարժվելու հետ խնդիրներ ունեցող քվերակողների համար, որը կարող է ոմանց համար դժվարություններ առաջացրած լիներ իրենց կամքն արտահայտելու գործում: