Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին հայտնի չէ, թե որտեղ է գտնվում գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը։
«Ավելի շատ ինֆորմացիա դուք ունեք, քան Արդարադատության նախարարը կարող է ունենալ», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Զեյնալյանը՝ դիմելով լրագրողներին։
Նա նշել է, որ այժմ նախաքննություն է ընթանում, և նմանատիպ հարցերի հասցեատերը Դատախազությունն է․ «Ես պարտավոր չեմ տիրապետել այդ ինֆորմացիային»։
«Արդարադատություն» բառը «Արդարադատության նախարարություն» անվան մեջ շփոթություն կարող է առաջացնել։ Մենք արդարադատության համար պատասխան չենք տալիս ուղղակիորեն, մենք արդարադատության հետևանքները իրականացնող նախարարություն ենք, ի հավելումն մի շարք գործառույթների», – եզրափակել է Զեյնալյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին, նախնական տվյալներով, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողը Գյումրու Սլաբոդկա թաղամասում հարձակվել էր փողոց մաքրող կնոջ վրա և ծեծելով սպանել նրան։ Դեկտեմբերի 12-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունեցել փակ դատական նիստ, որի ժամանակ որոշում էր կայացվել կալանավորել ռուս զինծառայողին։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ռուս զինծառայողը գտնվում է 102-րդ ռազմաբազայում, սակայն դրա մասին լռում են և՛ ռուսական, և՛ հայկական կողմերը։ Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հերքել էր սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողի մասին լուրերը և հորդորել «սեպ չխրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ»։