Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին շարունակում է հանգեցնել բազմաթիվ ապրանքատեսակների թանկացումների։ Ինչպես գիտենք, 11 552 անուն ապրանքատեսակներից մոտ 7 000 անուն ապրանքատեսակներ ԵԱՏՄ-ում ունեն ավելի բարձր մաքսատուրքեր, քան Հայաստանում, և այդ կառույցին անդամակցությունից հետո բարձր մաքսատուրքերը տարածվեցին նաև մեր վրա։
Թեև 2014 թվականին Հայաստան-ԵԱՏՄ բանակցությունների արդյունքում որոշվեց այդ ապրանքների առավել նշանակալի հատվածի (775 ապրանքատեսակ) թանկացումներն անել աստիճանաբար՝ այսինքն մաքսատուրքերը բարձրացնել փուլ առ փուլ, սակայն դա հարցի ընդամենը ժամանակավոր լուծում էր։ Եվ եթե այդ ապրանքների մի մասը կենսական նշանակություն ունեցող ապրանքների շարքին չի դասվում, և դրանց թանկացումն ազդում է հասարակության միայն որոշակի հատվածի վրա, ապա առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացումն ուղիղ հարված է հասցնում բոլորի գրպաններին։
ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված թանկացումները շարունակվելու են նաև 2019 թվականին, և «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց ցույց տալ, թե որ ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերն ինչ չափով են թանկանալու 2019 թվականի հունվարի 1-ից։
Եվ այսպես, մոտեցող տարվա առաջին իսկ օրից ներմուծվող մսամթերքի մաքսատուրքերը թանկանալու են 12,5%-ով, իսկ թռչնամսինը՝ ամբողջ 22%-ով։ Առաջին անհրաժեշտության ապրանքներից կարագը, բուսական ու կենդանական յուղը և ճարպային հիմքով այլ ապրանքները, ինչպես նաև բանջարեղենի որոշ տեսակներ, կթանկանան 13%-ով, դեղերը՝ 2-ից 4%-ով։
Կարիք չկա բացատրելու, թե ինչ հետևանքներ կունենան նման թանկացումները Հայաստանի առանց այդ էլ ծանր սոցիալական պայմաններում ապրող քաղաքացիների համար։ Եվ սա այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղը 2018թ․-ի երկրորդ եռամսյակի տվյալներով 62 330 դրամ է՝ այսինքն ավելի մեծ, քան նվազագույն աշխատավարձը (55 000 դրամ)։
Հատկանշական է, որ վերը նշված ապրանքատեսակները, բացառությամբ դեղերի, կազմում են սպառողական զամբյուղի մի զգալի մասը, և սպասվող թանկացումները է՛լ ավելի կխորացնեն բնակչության անապահով խավի սոցիալական ծանր վիճակը։
Գյուղատնտեսության ոլորտը ևս զերծ չի մնա թանկացումներից։ Թանկանալու են ներմուծվող պարարտանյութերը՝ 4%-ով, հացահատիկն ու կենդանիների կերերը՝ 2-ից 4%-ով, գյուղատնտեսական գործիքները՝ 3-ից 6%-ով։ Այս ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացումը շղթայական ռեակցիայով բերելու է նաև հացի և գյուղմթերքների թանկացմանը։
Թանկանալու են նաև երրորդ երկրներից բերվող թուղթը, անձեռոցիկը, թելերը, կտորեղենը, գործվածքները՝ 2-ից 6%-ով, իսկ սպիտակեղենը՝ 10-ից 11%-ով։
Թանկացող ապրանքներից են նաև փայտանյութը (4-ից 9%), կերամիկական և կիսակերամիկական սալիկները, լամպերը, ապակյա տարաները (10-ից 12%), այլ շինանյութը՝ մինչև 6%:
Հարկ է ընդգծել, որ նշված թվերը վերաբերում են միայն ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների մաքսային դրույքաչափերին։ Ուստի հարցը, թե որքանո՞վ այս ավելացող մաքսատուրքերը կհանգեցնեն թանկացումների, կախված է նրանից, թե արդյո՞ք հնարավոր է ներմուծել նույնատիպ ապրանքներ ԵԱՏՄ երկրներից: Վերոնշյալ ապրանքների մեծ մասը, սակայն, բերվում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից, հետևապես՝ թանկանալու է առնվազն այնքան, որքան ավելանում է մաքսային դրույքաչափը։
Այսպիսով, ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանում ապրանքների և, մասնավորապես, առաջին անհրաժեշտության պարենամթերքների գների բարձրացումը, ինչպես և կանխատեսել էինք, դարձավ անխուսափելի, իսկ Հայաստանի թույլ տնտեսության կախումը ԵԱՏՄ-ից և հատկապես Ռուսաստանից շարունակ ավելանում է։
Հավելենք նաև, որ ներմուծողների կողմից վճարվող մաքսային վճարները, որոնք հունվարի 1-ից ավելանում են, չեն մտնելու Հայաստանի պետական բյուջե, այլ, փաստացի, գնալու են ԵԱՏՄ բյուջե, որտեղից Հայաստանը ստանում է ընդհանուրի մոտ 1 տոկոսը:
Սևադա Ղազարյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»