Home / Առողջապահություն / Երեխայի մահվան մեջ մեղադրված բժիշկները լրացուցիչ պատիժ չեն կրի

Երեխայի մահվան մեջ մեղադրված բժիշկները լրացուցիչ պատիժ չեն կրի

2019թ. հունվարի 15-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների գործով երկու կողմի վերաքննիչ բողոքները: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Բողոքները ներկայացվել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018թ. սեպտեմբերի 24-ի դատավճռի դեմ, որով դատարանը լրացուցիչ պատիժ նշանակեց Արաբկիր ԲԿ բժիշկներ Լիլիթ Վարդանյանի ու Զարինե Այվազյանի նկատմամբ, բայց միաժամանակ ազատեց պատժի կրումից վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Հիշեցնենք, որ 2015 թ. հունիսի 15-ի դատավճռով Վարդանյանը և Այվազյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: ) նախատեսված արարքի կատարման մեջ ու նրանց նկատմամբ նշանակվել էր ազատազրկման ձևով պատիժ՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Միաժամանակ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներմամբ դատարանն ամբաստանյալներին ազատել էր պատժի կրումից: Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Կազմակերպության իրավաբան Տ. Սիրադեղյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին լրացուցիչ պատժի նշանակման մասով գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018թ. սեպտեմբերի 24-ի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանն ու Արայիկ Զալյանը նշել էին, որ դատարանը չարաշահել է իր լիազորություններն ու գործի քննությունը ողջամիտ ժամկետներում չի իրականացրել, քննությունը ձգձգել են նաև ամբաստանյալների պաշտպանները, ինչի արդյունքում վճռի հրապարակման պահին վաղեմության ժամկետը լրացած էր: Պետությունը չի պահպանել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության հարցը և խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված կյանքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ինչպես այս, այնպես էլ պաշտպանական կողմի բողոքները: Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չենք ստացել: Այն կբողոքարկվի ՀՀ Վճռաբեկ դատարան», ֊ նշված է հաղորդագրության մեջ։