Հայաստանի ցուցանիշը Freedom House-ի հետազոտություններում 2004 թվականից ի վեր առաջին անգամ զգալի առաջընթաց է գրանցել
«Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Ազատությունը աշխարհում 2019» զեկույցը։ Ըստ զեկույցի՝ թեև 2018-ը ողջ աշխարհով մեկ ժողովրդավարական անկման 13-րդ անընդմեջ տարին էր, սակայն որոշ երկրներ անցած տարի գրանցել են անսպասելի բարելավումներ։ Այդ երկրների ցանկում զեկույցը հիշատակում է նաև Հայաստանը։ Ըստ զեկույցի՝ մասսայական ոչ բռնի ցույցերը ստիպեցին Սերժ Սարգսյանին հրաժարական տալ։ Բացի այդ, արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանում իշխանության եկավ նոր ռեֆորմիստ մեծամասնություն, որը խոստացել է նպաստել երկրում թափանցիկության և հաշվետվողականության աճին՝ ընդդեմ կոռուպցիայի ու պաշտոնական դիրքի չարաշահման։
Ընտրական գործընթացներ
Ըստ «Ֆրիդոմ Հաուս»-ի զեկույցի՝ Հայաստանը 2018 թվականին գրանցել է առաջընթաց քաղաքական մի շարք ոլորտներում։ Նախ և առաջ՝ առաջընթաց է գրանցվել ընտրական գործընթացներում։ Առավելագույնը 12 միավոր գնահատման համակարգում, ըստ «Ֆրիդոմ Հաուս»-ի, Հայաստանում ընտրական գործընթացները 2018-ին ստացել են 6 միավոր։ Ընդ որում՝ ըստ նախորդ տարվա զեկույցի՝ 2017-ին խորհրդարանական ընտրությունների պատճառով այդ ցուցանիշը ոչ միայն երկու միավորով ցածր էր՝ այսինքն 4 միավոր, այլ նաև մեկ միավորով իջել էր նախկին հինգից։ Զեկույցը արձանագրում է նաև 2018 և 2017 թվականների խորհրդարանական ընտրությունների տարբերությունը։ Ըստ «Ֆրիդոմ Հաուս»-ի՝ 2018 թվականի օրենսդիր մարմնի ընտրությունների ընթացքում ավելի քիչ խախտումներ են արձանագրվել, քան 2017-ի ընտրությունների ընթացքում։ «Ֆրիդոմ Հաուս»-ը դրական է գնահատել նաև 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանում ընտրակաշառքների դեմ նախաձեռնված փոփոխությունը և դրանց քրեականացումը։
Քաղաքական մասնակցություն
Բարելավվել է նաև քաղաքական բազմակարծության և մասնակցության ցուցանիշը, որը նախկին երկու միավորի փոխարեն դարձել է 3 (հնարավոր 4 միավորից)` շնորհիվ նրա, որ իշխող կուսակցության միջամտությունը խաղաղ քաղաքական գործընթացներին և հակառակորդ քաղաքական ուժերի գործունեությանը (ներառյալ նախընտրական քարոզչությունը) նվազել է։
Բացասական կողմերը
Այդուհանդերձ, զեկույցը նաև մատնանշում է որոշակի խնդիրների շարունակականությունը երկրում։ Կրոնական այլախոհության քաջալերման, ակադեմիական հաստատությունների՝ քաղաքական ազդեցություններից զերծ չլինելու, արհմիությունների իրավունքների պաշտպանության ցածր մակարդակի, դատական իշխանությունների անկախության, ընտանեկան բռնության օրենքի անկատարության, քաղաքական գործընթացներում կանանց ցածր ներկայացվածությունը պատկանում են այն խնիրների շարքին, որոնք արձանագրվել են «Ֆրիդոմ Հաուս»-ի նոր զեկույցում։
Եվրասիական մյուս երկրներ
Զեկույցը նշում է, որ Եվրասիական մի շարք երկրներում իշխող քաղաքական վերնախավը չարաշահում է իր դիրքը՝ իշխանությունը պահելու նպատակով, մինչդեռ Հայաստանը խախտել է այս միտումը՝ տապալելով թույլ հեղինակություն վայելող ղեկավարին և ընտրելով նոր բարեփոխումների ձգտող իշխանություն:
Առաջին դրական փոփոխությունը վերջին 14 տարիների ընթացքում
Ուշագրավ է, որ Հայաստանի հավաքական միավորը անցյալ տարվա 4,5-ից այս տարի դարձել է 4 (7 բալանոց համակարգում, որտեղ 7 միավոր ստանում են ամենաքիչ ժողովրդավար երկրները, իսկ 1` ամենաժողովրդավարները)։ Սա վերջին տաս տարվա ընթացքում «Ֆրիդոմ Հաուս»-ի կողմից արձանագրված դրական առաջին զգալի փոփոխությունն է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներում։ Վերջին անգամ Հայաստանում ազատությունները գնահատվել են 4 միավոր 2004 թվականին։ 2005 թվականից ի վեր Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշը 4,5 միավորից չի բարելավվել։
Ուշագրավ է նաև, որ «Ֆրիդոմ Հաուս»-ի զեկույցը կոչ է անում աշխարհում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման կողմնակիցներին նպաստել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը։
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»