Տավուշի մարզի Վազաշեն համայնքում այսօր տապալվել են «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ի կողմից գյուղի վարչական տարածքում գտնվող Կարմիր քար, ժանգոտ ձոր և Ադուլյարային տեղամասերում ոսկի-բազմամետաղներ որոնելու նախագիծ համար հրավիրված հանրային լսումները։ Գյուղապետ Լորիկ Բադիրյանը մի պահ երևացել է համայնքապետարանի տարածքում, սակայն այդպես էլ չի պատասխանել լրագրողների կամ մյուս քաղաքացիների հարցերին, թե ինչու չեն կայացել հանրային լսումները։ Նա նաև հրաժարվել է լսումները չկայանալու մասին արձանագրություն կազմել։
Մի քանի ժամ սպասելուց հետո՝ 14։30-ի սահմաններում, քաղաքացիներն իրենք են ձեռնարկել համապատասխան արձանագրություն կազմելը։ Նրանք նշել են, որ չի կայացել հանրային լսումը և ստորագրել են դրա տակ։
«Ներքոստորագրյալներս՝ Վազաշեն համայնքի բնակիչներ, «Տավուշն առանց հանքի» նախաձեռնության անդամներ և այլ ներկաներ, արձանագրում ենք, որ այդ լսումները չեն կայացել, և համայնքaպետը հրաժարվել է արձանագրություն կազմել՝ լսումների չկայանալու վերաբերյալ»։
Վազաշենում կատարվող իրադարձությունների մասին մանրամասն՝ այստեղ։
Մեզ հետ զրույցում բնապահպան Անի Խաչատրյանը, որն այսօր Վազաշենում էր, նշել է, որ համայնքապետարանի մոտ հավաքվել էին մոտ 200 հոգի։ Նրանց թվում էին վազաշենցիներ, մարզի և Հայաստանի այլ բնակավայրերից եկած քաղաքացիներ, որոնք եկել էին աջակցելու տեղացիներին։ Բնապահպանը պատմել է նաև, որ ծրագրվում է առաջիկայում հանրային քննարկումներ անցկացնել գյուղում, մասնագետներ և պաշտոնյաներ հրավիրել։
Փորձեցինք ճշտել՝ ինչու «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները չեն գնացել Վազաշեն։
«Նախնական պայմանավորվածության համաձայն՝ կազմակերպության ներկայացուցիչները պետք է նախ հանդիպեին մարզպետին, ապա գնային Վազաշեն։ Մարզպետի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև մեր նախաձեռնության՝ «Տավուշն առանց հանքի» անդամներից մեկը։ Լարված քննարկում է եղել, և մարզպետը դիրքորոշում է արտահայտել, որ այստեղ հանք չի կարող լինել։ Տեղում մարզպետարանում արձանագրություն է կազմվել լսումների մասով», -մեզ հետ զրույցում ասել է «Տավուշն առանց հանքի» նախաձեռնության անդամ Նարինե Չուխուրյանը։ Բացի դրանից, վերջինիս խոսքով, մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է, որ ընկերությունը վազաշենցիներին պատշաճ չի իրազեկել հանրային լսումների մասին։
Փորձեցինք կապ հաստատել մարզպետի հետ, սակայն մարզպետարանից մեզ հայտնեցին, որ նա խորհրդակցության է և չի կարող պատասխանել։
Նշենք, որ երեկ ֆեյսբուքյան իր էջում հարցի հետ կապված գրառում էր արել նաև պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին՝ Սիփան Փաշինյանը։
«Ես, որպես տավուշեցի, անընդունելի եմ համարում Տավուշի մարզում որևէ հանքի շահագործումը։ Նախ և առաջ՝ հանքարդյունաբերությունը կարող է բերել բնակչության համար համատարած առողջական երբեմն անդառնալի հետեւանքների։ Երկրորդ՝ հանքի շահագործումը կվնասի Տավուշի անկրկնելի և չքնաղ բնությանը, որը Տավուշի գլխավոր այցեքարտն է համայն հայության և տուրիստների համար։ Ես որպես տավուշցի անթույլատրելի եմ համարում ցանկացած գործունեություն, որը միտված կլինի Տավուշի էկո համակարգը խարխլելուն»։ Նա նշել էր, որ բազմաթիվ տավուշցի գործարարներ պատրաստակամություն են հայտնել ներդրումներ իրականացնել Տավուշում, որը ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում։
Մեր զրուցակիցները՝ Անի Խաչատրյանը և Նարինե Չուխուրյանը, պատմեցին, որ այսօր Վազաշենում է եղել ոմն Իշխան անունով մի գործարար։
Նա պատմել է, որ ինչ-որ ժամանակ գործ է ունեցել «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր, Կանադայի քաղաքացիություն ունեցող Վահագն Ժայռենց Գայայանի հետ։
Իշխանը նշել է, որ ինչ-որ գործերի մեջ է եղել Գայայանի հետ, սակայն «նա խաբել է իրեն», հիմա ինքն առաձին կազմակեպություն ունի, այլ ուրիշ տեխնոլոգիաներ է օգտագործելու, այնպես է անելու, որ վնաս չտա բնությանը։ Նշել է նաև, որ չի կարող բացահայտել այդ տեխնոլոգիաները, «քանի որ այն ինձ է պատկանում»։
Նշենք, որ 2012-2015թթ.-ին նույն տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու արտոնագիր է տրամադրվել «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ-ին։ Հետքի տեղեկություններով՝ ընկերության բաժնետերերը կանադական «Ասեսմենթ Սիսթեմս Կորպորացիա»-ն է՝ 80% և արդեն իսկ գործունեությունը դադարեցրած հայկական «Ստիմուլ» ՍՊԸ-ն՝ 20%: Ներկայիս տնօրենը նույն Վահագն Ժայռենց Գայայանն է: Ընկերությունը, համաձայն պետռեգիստրի, լուծարված չէ, սակայն դատական քաշքշուկների մեջ է եղել նախկին տնօրեն Իշխան Հովհաննիսյանի հայցերով: