Թեղուտի հանքի պատճառած էկոլոգիական, տնտեսական, սոցիալական վնասների մասին տարիներ շարունակ, տեղի բնակիչները, բնապահպանները, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպություններն անընդհատ բարձրաձայնել են։ Բազմաթիվ նամակներ են գրվել այս կամ այն իրավասու մարմիններին՝ Բնապահպանության նախարարությանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը և այլն, սակայն կա՛մ դրանց վրա աչք են փակել, ընթացք չեն տվել, կա՛մ լղոզված և ստանդարտ, ֆորմալ պատասխաններ տվել։ Դատարաններ հասնելու ճանապարհներն էլ հաճախ արհեստականորեն դժվարացրել են։
Չնայած Թեղուտի հանքն այսօր անորոշ ժամանակով փակ է, այն շարունակում է վնասներ հասցնել մարդկանց և շրջակա միջավայրին։
Մարտի 11-ին մայրաքաղաքի «Իբիս» հյուրանոցում «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» խորագրով հանրային դատ էր կազմակերպվել երեկ։ «Հանրային հայցորդը» բնապահպան Աննա Շահնազարյանն էր։ Նա մանրամասն ներկայացրել է, թե հանքի բացման օրվանից մինչև այսօր տարբեր հարցերի մասին իրենց բողոքները ինչպես են անարձագանք մնացել։ Հանրային դատավորներն էին՝ Օլեգ Դուլգարյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Հրանուշ Խառատյանը, Նազելի Վարդանյանը, Ինգա Զարաֆյանը։
Դատավարության տեսագրությունը կարող եք նայել այստեղ՝