Home / Ազգային ժողով / Համլետ Ղուշչյանը Լֆիկին․ «Կրակի, արա»։ Հարուցվել է քրգործ

Համլետ Ղուշչյանը Լֆիկին․ «Կրակի, արա»։ Հարուցվել է քրգործ

ԱԺ նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի (հայտնի է որպես Լֆիկ Սամո) կողմից հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի՝ իրեն առեւանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Ոստիկանության լրատվական բաժնից։ Գործը հարուցվել է 29. 03. 2019 թ.-ին՝ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածով, այն է՝ մարդու առեւանգումը կազմակերպելը։

Գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։

Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին. «էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի», – նշել էր Համլետ Ղուշչյանը:

Մարտի 4-ին դատախազությունը հայտարարել էր, որ Համլետ Ղուշչյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ուղարկել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ։