Վրաստանում սոցաշխատողները դադարեցրել են գործադուլները և վերադարձել աշխատանքային գործընթացի: Անցյալ շաբաթ 244 սոցաշխատողներից 180-ը գործադուլ էին սկսել՝ պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները, ավելացնել աշխատակողների քանակը, ապահովել նրանց տրանսպորտային միջոցներով, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սոցիալական ծառայությունների կենտրոնները համապատասխան հարմարություններով ապահովվել, ինչպես նաև գաղտնի և անհատական հարցազրույցների համար սենյակներ ստեղծել:
Գործադուլի արդյունքներից մեկն այն էր, որ սոցաշխատողները որոշեցին ստեղծել արհմիություն, որը կշարունակի պայքարել իրենց պահանջների համար: Այսուհետ, այն բոլոր հարցերը, որոնց շուրջ դեռևս հնարավոր չէ համաձայնության գալ Առողջապահության նախարարության հետ, կքննարկվեն բանակցությունների ձևաչափով, հաղորդում է newsgeorgia.ge-ն:
Սոցիալական աշխատող Զոյա Շեհովցևան, լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը և իր գործընկերները պատասխանատվություն են զգում իրենց շահառուների առաջ, այդ իսկ պատճառով որոշեցին դադարեցնել գործադուլը:
«Մենք հուսով ենք, որ խորհրդարանը պատշաճ կերպով կկատարի իր վերահսկողական գործառույթը: Նրանք, ովքեր ծանոթ են սոցիալական աշխատանքի և երեխայի խնամքի առանձնահատկություններին, համաձայնում են, որ այլ ոլորտի ներկայացուցիչները չեն կարողանա կատարել սոցիալական աշխատողի պարտականությունները: Անգամ գործադուլի ժամանակ մենք շարունակում էինք հեռախոսային խորհրդատվությունը և պատասխանատու էինք զգում մեզ մեր շահառուների առաջ», – ասել է Շեհովցևան:
Առողջապահության նախարարությունն իր հերթին ծրագիր է առաջարկում սոցիալական աշխատողներին։ Առողջապահության նախարար Դավիթ Սերգենկոն խոստացել է, որ ինն ամսվա ընթացքում սոցիալական աշխատողի աշխատավարձը կհասնի մինչև 1200 լարիի (մոտ 450 դոլար): Ներկայումս սոցիալական աշխատողի աշխատավարձը կազմում է 666 լարի (մոտ 250 դոլար), իսկ մարզերում՝ մոտ 620 լարի (մոտ 230 դոլար):
Գերատեսչությունը խոստացել է մինչև ապրիլի վերջը բոլոր առկա և անհրաժեշտ ռեսուրսների գույքագրում կատարել, վերանայել և հստակ սահմանել սոցիալական աշխատողների գործառույթները և անհրաժեշտ թվաքանակը, ինչպես նաև անձնակազմին միացնել հոգեբաններ և իրավաբաններ։ Սերգենկոյի խոսքով՝ սոցիալական աշխատողների թիվը ամեն տարի կավելանա և կվերանայվի խորհրդարանի կողմից 2018 թվականին մշակված սոցիալական աշխատանքի մասին օրենքն աշխատավարձի բարձրացման մասով։