Մարդու իրավունքներրի եվրոպական դատարանի մայիսի 16-ի՝ Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչվել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված ևս մեկ քաղաքացու իրավունքի խախտում։
«Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է Հյուսիսային պողոտայի մերձակա տարածքում գտնվող գույքին:
2002թ. օգոստոսի 1-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է Երևանի Կենտրոն համայնքում գտնվող անշարժ գույքի ցանկը, որը պետք է իրացվեր պետության կարիքների համար (մոտ 345.000 քմ տարածք): Գայանե Թադևոսյանին պատկանող անշարժ գույքը՝ հողամասն ու շինությունը, գտնվել է իրացման գոտում, ուստի՝ 2004թ. սեպտեմբերի 7-ին Թադևոսյանը գործակալության հետ կնքել է գույքի օտարման պայմանագիր և ստացել է 355.031 դոլար։
2006թ. հունվարի 13-ին գլխավոր դատախազության հակակոռուպցիոն դեպարտամենտը քրեական գործ է հարուցել «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նկատմամբ` Թադևոսյանի գույքի շուկայական արժեքը դիտավորյալ բարձրացնելու մեղադրանքով: ՊՈԱԿ֊ի ղեկավարը պարտադրել է Թադևոսյանին վերադարձնել ստացած գումարի մի մասը՝ 180,000 դոլար, որը 2006թ. փետրվարի 3-ին Գայանե Թադևոսյանը փոխանցել է ՊՈԱԿ֊ի հաշվեհամարին։
Հետագայում, սակայն, հարուցված գործը կարճվել է՝ ապացույցների բացակայության պատճառով, սակայն Թադևոսյանը փոխանցված գումարը (75.820.000 դրամը) նրան այդպես էլ հետ չի վերադարձվել։
Ներպետական բոլոր դատարաններով անցնելուց հետո, Թադևոսյանը դիմել է ՄԻԵԴ։ Վերջինս դիմումատուի պահանջը բավարարել է 133,958 եվրոյի չափով՝ որպես նյութական վնասի հատուցում, 2 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և 3 հազար եվրո՝ կատարված ծախսերի և ծախքերի համար:
Փաստաբան Վահե Գրիգորյանը, անդրադառնալով ՄԻԵԴ-ի այս որոշմանը, ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Դեռ շարքով գալու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից, եւ այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ իշխանության հետ ուղղակիորեն սերտաճած կոռուպցիոն կոմբինատորների յուրացումների պատճառով Հայաստանի քաղաքացիներին եւ պետական բյուջեին պատճառված հսկայական նյութական եւ ոչ նյութական վնասի մասին գործընթացները։
Մինչեւ երբ պետք է հատ առ հատ այս վճիռները հրապարակվեն եւ դրանցով ակնհայտ խախտումները բարձրաձայնվեն, մինչեւ վերահսկողական եւ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող համակարգը տեսնի, որ պետական կարիքների համար քաղաքացիների զանգվածային սեփականազրկման գործընթացները եղել են ոչ միայն խիստ կասկածելի ծագումով միջոցների հսկայական լվացքամեքենաներ, այլ նաեւ՝ հենց Հայաստանի քաղաքացիներից ունեցվածքը խլելու կատարյալ մեխանիզմներ “երկնիշ տնտեսական աճ”-ի գեղանկարչության, “օտարերկրյա ներդրումների” վիճակագրությունը ուռճացնելու, ․․․ բազում այլ “ձեռքբերումների” համար»։