Home / Հայաստան / Փաշինյանի վճռականությունը հույս է տալիս Ղարաբաղի ընդդիմությանը

Փաշինյանի վճռականությունը հույս է տալիս Ղարաբաղի ընդդիմությանը

«Ազգային վերածնունդ» ղառաբաղյան կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանի հայտարարությունը․

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու, դատական համակարգի առողջացմանն ուղղված քայլերին: Մենք ողջունում ենք ռազմական բյուջեի աննախադեպ մեծացումը և սպառազինությունների նոր տեսակների ներմուծումը ՀՀ Զինված ուժեր՝ որպես անվտանգության կարևոր բաղադրիչ և խաղաղություն պարտադրելու անհրաժեշտ քայլ: Մենք փաստում ենք, որ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք իշխանություն, որը չի խոսում տարածքային և այլ զիջումների մասին, ավելին՝ իր քայլերով ուժեղացնում է Արցախի և համայն հայության անվտագության միջավայրը:

Մենք հույս ենք հայտնում, որ ՀՀ կառավարությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի աջակցելու Արցախում կենսունակ համակարգեր և ինստիտուտներ ստեղծելու գործընթացին: Արցախյան քաղաքացիական հասարակությունը, քաղաքական համակարգը, լրատվամիջոցները, տեղական ինքնակառավարման մարմինները կարիք ունեն Երևանի հիմնարար և որակապես նոր աջակցությանը, ինչը հնարավորություն կտա էականորեն ուժեղացնել արցախյան հասարակությունը՝ բարձրացնելով նրա իմունիտետը արտաքին և ներքին մարտահրավերների դիմաց:

Տեղեկանք: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է 2013թ., երկու տարի անց ԱԺ ընտրությունների արդյունքում դարձել է խորհրդարանական ուժ: Կուսակցությունը ղեկավարում է ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: 2018թ. հայաստանյան թավշյա հեղափոխության ժամանակ միակ արցախյան քաղաքական ուժն էր, որն իր անվերապահ աջակցությունը հայտնեց Հայաստանում ծավալված քաղաքացիական անհնազանդության գործընթացին մինչև դրա վերջնական հաղթանակը: Հիմնադրման օրվանից կուսակցությունը ընդդիմադիր է արցախյան կառավարող ուժերին և Բակո Սահակյանին:

Ստեփանակերտ
20 մայիսի, 2019թ»։

Փաշինյանի ելույթի կապակցությամբ Խանումյանը ևս մեկ գրառում է արել ֆեյսբուքի իր էջում․ «Նիկոլ Փաշինյանն ասում է. «Մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել»: Փաշինյանն Արցախի բնակիչներին կոչ է անում չաջակցել նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժերին, ավելին ՀՀ վարչապետը կոչ է անում արցախցիներին «աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից»: Կարծում եմ ամեն ինչ հստակ է ասված, մեզ մնում է ակտիվորեն աշխատել Արցախում ևս համակարգային կոռուպցիայից զուրկ իշխանություն ունենալու համար»։